Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը կամ «Նարեկը» գրականության հանճարեղ ստեղծագործություն է և դարեր շարունակ պաշտվել է մեր ժողովրդի կողմից, համարվել հոգին ու մարմինը բժշկող միջոց: Այնքան մեծ է հավատը այս գրքի նկատմամբ, որ մինչ օրս մարդիկ այն պահում են իրենց ննջասենյակներում, դնում հիվանդ մարդկանց անկողնու մեջ, տարբեր հիվանդությունների բուժման համար ընթերցում հատվածներ «Մատյանից»: «Նարեկի» աղոթքները նախատեսված են կյանքի տարբեր դեպքերի, տրամադրությունների ու հոգեվիճակների համար:
ԲԱՆ ՁԴ
Աղոթք առավոտյան ու հաջող օրվա
...դու լույս ես ու հույս,
Իսկ ես խավար ու խենթ.
Դու ի բնե բարի ու գովելի,
Իսկ ես՝ չար համակ ու ապիկար,
Դու Տեր համորեն երկնի և երկրի,
Իսկ ես չեմ իշխում շնչիս և հոգուս
Դու բարձրյալ ազատ՝ կարիքներից զերծ,
Իսկ ես ենթակա տաժանքի, վշտի.
Դու վեր երկնային կրքերից բոլոր,
Իսկ ես կավ անարգ ու գարշելի.
Դու հար կմնաս անհասանելի μարձրության վրա, ըստ մարգարեի,
Իսկ ես, ըստ նույնի, կկորչեմ ընդմիշտ.
Քո մեջ նենգություն կամ խավար չկա,
Իսկ ես, որ ավանդն իմ չպահեցի, այդ բոլորն էլ եմ:
Հանի՛ր ինձ բանտից, արձակի՛ր կապանքներից,
Պոկի՛ր ինձ պրկող իմ շղթաներից,
Փրկի՛ր խեղդվելուց,
Ազատի՛ր տագնապներից, քանդի՛ր
երկաթներից,
Հա՛ն ինձ պաշարումներից, դուրս բեր երկմտությունից,
Հանգստացրու նեղություններից.
Փարատիր վշտերս, սփոփիր տխրություններս,
Հանդարտեցրու խռովություններս,
Ամոքիր լացս, ցրիր հեծություններս,
Հեռացրու ինձ իմ ողբերից ու կազդուրիր լալուց,
Աստվա՛ծ ողորմության և պարգևատու քաղցրության,
Հզորիդ արյան գնով փրկվածիս անտես առնելով՝ զուր մի՛ կորցնիր.
Կանգնեցրո՛ւ դու ինձ, որ բազմավտանգ հիվանդությունից մահվան ա¯փն եմ հասել:
(թարգմ.՝ Մ. Խերանյանի)
Աղբյուրը՝ Մատյան ողբերգության, Էջմիածին, 2012: