2024 թ. հունվարի 26-ին լրանում է ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի(1909-1994) ծննդյան 115-ամյակը: Այս առիթով ներկայացնում ենք հայտնի նկարչի կյանքի ու ստեղծագործության 5 փաստ նրա նկարների ուղեկցությամբ։
1. Մհեր Աբեղյանը ծնվել է 1909 թ. Վաղարշապատում։ Որդին է հայտնի հայագետ Մանուկ Աբեղյանի: Թերևս Մ․ Աբեղյանի՝ Սասնա ծռեր էպոսին նվիրված ուսումնասիրությունների շնորհիվ էլ ստացել է իր անունը՝ ի պատիվ էպոսի երկրորդ ու չորրորդ ճյուղերի հերոս Մհերի։ Հետագայում էպոսի հետ կապերը շարունակվում են և Մհեր Աբեղյանը 1939 թ․ կատարել է նաև Սասունցի Դավթի նկարազարդումներ։
Մանուկ Աբեղյան, 1965
2. Մասնագիտական՝ նկարչական կրթություն է ստացել նախ Երևանում՝ Գեղարդ տեխնիկումում՝ աշակերտելով Ստեփան Աղաջանյանին և Սեդրակ Առաքելյանին, ապա 1927-1930-ին սովորել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստատեխնիկական ինստիտուտում, ապա 1931-ին ավարտել է Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտը։
Բնանկար 5-րդ դարի հուշարձանով, 1965
3. Տաք բնանկարներին ու գունեղ նատյուրմորտներին զուգահեռ զբաղվել է գրաֆիկայով։ Օգտագործել է տարբեր տեխնիկա ու աշխատել տարբեր նյութերով՝ մատիտ, ածուխ, սանգինա, կավճամատիտ, գծանկար, լինոփորագրություն, օֆորտ։ Հատկապես նշանակալի են գրական ստեղծագործությունների նրա գրաֆիկական նկարազարդումները, մասնավորապես Հովհ․ Թումանյանի Ախթամար պոեմի(1959)։
Գառնու լեռներ, 1967
4. Մհեր Աբեղյանը երկու անգամ եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ՝ 1939-1945 և 1967-1968 թվականներին։ Նրա նշանավոր գեղանկարներից են՝ Ջրաշատ գյուղը, Զովունի, Բյուրականի աշունը, Հաց եռանկարը, Հայրենիք, Մայր Հայաստան կտավները։
Մայր Հայաստան, 1972
5. Մհեր Աբեղյանն այն փոքրաթիվ նկարիչներից է, որ կենդանության օրոք ունեցել են թանգարան։ Հայրենի քաղաքում՝ Էջմիածնում 1990 թվականին բացվել է նրա թանգարանը, որը Ազգային պատկերասրահի մասնաճյուղն է ու գործում է նաև այսօր։
Հայաստան, 1975
Նկարների աղբյուրը՝ www.gallery.am