1894 թ․ հունվարի 16-ին է ծնվել արևմտահայ բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը։ Նա Կ․Պոլսում հայտնի ու սիրված էր որպես մարմնամարզիկ, ուսուցիչ, ապա նաև բանաստեղծ։ Հաղթահարելով բանտարկությունն ու աքսորը՝ բանաստեղծը փրկվում է ցեղասպանության օրերին։ Զինադադարից հետո, 1918 թ․ որպես թարգմանիչ աշխատում է բրիտանական բանակում։ 1919 թ․ բրիտանական հանձնաժողովի հետ մեկնում է գավառներ՝ հայ որբերին հավաքագրելու և տեղեկագիր կազմելու նպատակով։ 1919-21թթ․ անգլերեն ու մարմնակրթություն է դասավանդել Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանում։ Մահացել է թոքախտից՝ 1924 թվականին, ընդամենը 30 տարեկանում։ Կենդանության օրոք Մ․Զարիֆյանը հրատարակել է երկու ժողովածու՝ «Տրտմության և խաղաղության երգեր»(1921) ու «Կյանքի և մահվան երգեր»(1922)։ Art365-ը ներկայացնում է այս սիրված ու ինքնատիպ բանաստեղծի գործերի մի փունջ։
Հոգիս կը տանջե
Ջութակ մը հեռու.
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ - Ան չէ՜...
Ահ, նվագը՜ն այս խոր
Ամառ գիշերվան.
Կարծես թե կուլան
Աստղերը բոլոր...
Իզու՜ր շուքերու
Կը նայիմ - Ան չէ՜,
Հոգիս կը տանջե
Հոգի մը հեռու...
Պըզտիկ աղջիկ, աղվոր աղջիկ
Պըզտիկ աղջիկ, աղվոր աղջիկ,
Ինձմե հեռու․
Կվայլեն քու վարդ ու հասմիկ
Լոկ աստղերու․․․
Իզո՛ւր ճակատդ ինձ կերկարես
Որ համբուրեմ․
Թախիծն առա՛վ լույսն աչքերես,
Ու ես կո՜ւյր եմ․․․
Ու ես քեզի, տես, կբերեմ
Հոգի մը ծեր․․․
Աստղերուն տար ― ես կներեմ ―
Համբույրդ ու սեր․․․
Պըզտի՛կ աղջիկ, անո՛ւյշ աղջիկ,
Ինձմե հեռու․
Կվայլեն քու վարդ ու հասմիկ
Աստվածներու․․․
Ձմեռ օր․․
Կը ձիւնէ՜ դուրսն անդադար...
Մութ սենեկիս անդունդին մէջ որբացած՝
Ցաւերու գորշ ժըպիտն աչքիս՝ կը նայիմ...
Ի՞նչ կայ դէմըս ― Դատարկութի՞ւն թէ Աստուած.
Եւ ի՞նչ կուգայ Վաղուան հետ ― վա՞րդ թէ շիրիմ...
Ձիւնաթաթաւ լուսամուտին կը տանիմ
Թշուառուտիւնը ճակատիս տենդահար.
Ինչու՞, ինչու՞ չի՛ գար Հոգին մըտերիմ
Որ հոգիիս պուտ մը հաւատք պիտի տար...
Կը ձիւնէ՜ դուրս անդադար...
Հոգիս
Հոգիս պըզտիկ աղբիւր մըն է արծաթէ,
Գիշերին մէջ գըլգըլացող ու լացող,
Որ քէն չունի ժայռերուն դէմ, կ'աղօթէ՜,
Ու լուսնակէն կ'ըսպասէ լո՛կ շիթ մը ցօղ...
Ո՛չ մէկ ուռի ճամբուս վըրայ ամայի.
Կործանեցան բոլորը մե՜ծ հովերէն.
Հոն-հոն ագռա՛ւ մը լոկ ջուրիս կը նայի՝
Այց ես կ'երթա՜մ գըլգըլալէն ու լալէն...
Ինչու որ, օ՜, գիտե՛մ թէ օր մը աղուոր
Պիտի գայ Կոյսն, անտառներու խորերէ,
Ու հակելով ջուրիս վըրայ մենաւոր՝
Պիտի ափին մէջ մարգարիտնե՛րըս համրէ:
Գինովի երազ
Այս գիշեր նորեն երազըս տեսա.
Խոշոր ժայռին տակ, շունչ-շունչի նստած,
Խենթ-խենթ բառերով կը պատմեի, ցած,
Թե իրմե հետո ի՛նչ կյանք ապրեցա.
«Երբեմն, պառկած, սաղմոս կարդացի...
Բայց հաճախ ալ, քո՛ւյր, մոռնալու համար
Դեզ-դեզ կուտակված վիշտերս անհամար՝
Իրիկունները գինետուն գացի...
«Ահ, դուն գինովի աչքեր չե՛ս տեսեր,
Հոգիս, հավատա, աստղով կ’լենա,
Երբ կերթամ պառկիլ բաց դաշտին վրա,
Հեգնելու համար երազներն ու սեր...
«Ահ, դուն գինովի, դեմքըս չե՛ս տեսած․
Տժգույն, անիմաստ, անհույս ու վայրագ,
Երբ կ՚երթամ պառկիլ, երգով մ’անառակ,
Լույսե անկողինս՝ լուսինեն փռված․․․
«Ահ, դուն գինովի հոգիս տեսած չե՛ս,
Շենշող ու տրտում, ժպտուն ու լալկան․
Արցունքեն մռայլ ի՜նչ ծիծաղներ կան․․․
— Գինովը կ՚ատեմ.— չըսե՛ս, քույր, չըսե՛ս.
«Գինովը սիրե․ անոր սիրտը, քո՛ւյր,
Գեհեն մ՚է ցավի, որ անվերջ կ՚այրի.
Գինովը Լքյա՛լն է, հույսեն այրի,
Անոր կուրծքը հուր, ճակատն է մաքուր...»
Այսպես կ՚ըսեի ու դեռ շատ բաներ.
Երր իրեն դարձա՝ հոն չէր, զարմացա.
Աչքերըս բացի, բաց դաշտին վրա
Քնացեր էի. լուսինը կ՚իջներ...
Ծառերուն տակ
Հոգիս գինո՜վ է այսօր
Քու աչքերուդ այդ ծո՜վ ծո՜վ
Գինիով...
Ծառերուն տակ հեշտօրոր՝
Հոգիս գինո՜վ է այսօր:
Հեշտա՜նքն այս մութ գիշերվան...
Ա՜հ, թող շողերն արևին
Չերևի՜ն,
Մինչև ըլլանք մենք անհետ՝
Անդունդն ի վար, քեզի հետ...
Ծառերուն տակ հեշտօրոր՝
Հոգիս գինո՜վ է այսօր։
Քեզմե հեռու
Քեզմե հեռու՝
Անդունդներու՜
Կը մտածեմ շատ անգամ.
Իսկ երբ կուգամ
Քու հոգիիդ երդին տակ՝
Այնպե՜ս հըստակ,
Կ'ըլլա հանկարծ ամեն բան...
Նույնիսկ ճամբա՜ն
Որ զիս մահվան
Պիտի տանի՝
Հանկարծ ճերմակ կը հագնի...
Քեզմե հեռու՝
Սարսափն անծայր գիշերներու
Այնպե՛ս ուժգին
Կը փաթթվի իմ հոգիին՝
Որ բյուր անգամ
Ծունկի ալ գամ
Չե՜ն ունենար աչքերս արցունք,
ՈՒ հոգիս՝ խունկ...
Աղոթքս ի՜նչ բուռն է ու դյուրին,
Երբ որ լըռին
Ծունկի կուգամ՝
Ա՛լ ուժաքամ,
Քու հոգիիդ երդին տակ՝
Եվ ի՜նչ հըստակ
Կ'ըլլա նորեն ամեն բան...
Նույնիսկ ճամբա՜ն
Որ զիս մահվան
Պիտի տանի
Կ'ըլլա այնպե՜ս ընտանի...
Լուսանկարների աղբյուրը՝ www.houshamadyan.org