Մարտի 4-ին լրանում է Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 145-ամյակը։ Art365-ը ներկայացնում է Ստեփան Զորյանի հուշերը հայ ճարտարապետության մեծ երախտավորի մասին, որտեղ Թամանյանը ներկայանում է իր առինքնող մարդկային կերպարով, վեհությամբ, անդուլ աշխատանքով ու երազներն իրականություն դարձնելու մեծ կամքով։
Մեր հին ճարտարապետության պայծառ գծերը այստեղ հանդես են եկել մի նոր ստեղծագործական վերամշակումով, կամ՝ լավ է ասել, որ այդ գծերը պարզապես ստացել են այնպիսի գործադրություն, որ ընդունել են նոր որակ և ներկայացնում են խոսուն գեղեցկություն: Քարերն այդտեղ մեծ վարպետի կախարդանքով ազնվացել են ու կենդանացել և ամեն ինչ այդտեղ ունի այնպիսի համաչափ ու նուրբ ներդաշնակություն, որի հանդեպ մարդու խռով հոգին անգամ խաղաղվում է:
Այսպես է ճշմարիտ արվեստի ուժը: Եվ Թամանյանի Կառավարական տունն ունի իրոք այդ մոգական հմայքը: Ոչ ոք չի կարող անտարբեր անցնել նրա մոտով։ Ուզում ես նայել նորից ու նորից, և որքան նայում ես՝ նա այնքան հմայում է քեզ:
Այո, Թամանյանը սոսկ ճարտարապետ չէ. նա չափի գերագույն զգացումով օժտված բարձրաճաշակ արվեստագետ է, մի բառիս ամենալայն մտքով, ճշմարիտ բանաստեղծ, որ հույզ ու շունչ է տվել քարերին… Միաժամանակ նա խոշոր գյուտարար է. նա եղավ այն մեծ մարդը, որ դարեր հետո, մեր հայրենիքի վերածնության առաջին իսկ տարիներին վերագտավ հայ ճարտարապետության ազգային ինքնատիպ ոճը և սինթեզի բերեց մի նոր գեղեցկությամբ:
Ու, բնական է, որ մի այդպիսի հարազատ ոճ ունենար իր ազդեցությունը:
Ինչպես ամեն մի նոր ինքնատիպ ձև, ոճ ունեցող ճշմարիտ արվեստագետ ունենում է իր հետևողները, այդպես էլ Թամանյանն ունեցավ իր հետևողները. նրա բացած ճանապարհով գնում է արդեն տաղանդավոր ճարտարապետների մի ամբողջ բանակ։ Նրանցից յուրաքանչյուրը, ընդհանուր առմամբ, հավատարիմ է մնում Թամանյանին, այսինքն՝ մեր պատմական ճարտարապետությունը կիրառում է նոր վերամշակումով, մնալով հարազատ ժողովրդի ոգուն, ներդաշնակ մեր բնությանը,— մի առանձնահատուկ ոճ, որը մեր մայրաքաղաքին, մասամբ և մյուս քաղաքներին, տալիս է միանգամայն յուրահատուկ գեղեցկություն, մի հարդարանք, ինչ առանձնապես ընդգծում են ամենատարբեր երկրներից եկած այցելուները:
Ժողովրդի հարազատ ոճը գտնված է և մեծ մասամբ օգտագործվում է ճաշակով ու ներդաշնակությամբ։ Եվ դա շնորհիվ մեծ Թամանյանի։
Բայց արդյո՞ք հեշտ է եղել գտնել այդ ոճը:
․․․Կարող եմ վկայել միայն, որ Հայաստան եկած առաջին ամիսներին, իսկ նա շարունակ շրջում էր երկարում և ծանոթանում մեր հուշարձաններին: Հաճախ էինք լսում, թե «Թամանյանը գնաց այստեղ», «գնաց այնտեղ...», «Թամանյանը գնաց Երերուք», «գնաց Անի...»
Այդ շրջագայություններին նրան ուղեկցում էին մեր հին ճարտարապետության հմուտ մասնագետ Թորոս Թորամանյանը, հնագետ Աշխարհբեկ Քալանթարը և կարծեմ, նկարիչ Տարագրոսը։ Դրանք, հարկավ, տուրիստական այցելություններ չէին... իսկ թե ի՞նչ աշխատանք էր կատարում մեր ճարտարապետն այն տեղերում — դժվարանում եմ ասել: Բայց Երևանում իր գալու առաջին օրերին, ես նրան հաճախ տեսնում էի այս կամ այն հին ձևի տան առաջ կանգնած՝ ուշադիր զննելիս... Եթե Երևանում հասարակ տները զննում էր այդպիսի ուշադրությամբ, հապա ինչպե՞ս կվարվեր Երրուքում, Անիում և այլ տեղերի հուշարձանների մոտ: Հիշում եմ այդ այցելություններից նա վերադառնում էր առույգ, հարուստ տպավորություններով և մի դժդոհությամբ, թէ մեր հուշարձանները ոչ միայն վատ են պահվում, այլ մնացել են անխնամ։
-Ինչպե՞ս կարելի է այդ հարստությունը փչացնել,— ասաց նա մի անգամ քաղաքի ճաշարանում, ուր մի խումբ ընկերներ խմբվել էինք նրա սեղանի շուրջը՝ տպավորություններ լսելու,— Չէ որ դրանք դարերի բարձր ստեղծագործություններ են և անկրկնելի... Չէ՞ որ մեր ժողովրդի բարձր կուլտուրայի վկայականներն են դրանք: Մեր պատմությունն ու գրքերը ամենը, մանավանդ օտարները չեն կարող կարդալ, բայց պատմական այդ հին հուշարձանները ավելի պերճախոս և ամենքին ավելի հասկանալի գրքեր են...Անտարբերությունը դեպի այդ կոթողները՝ հանցանք է...
Երբ շուտով նշանակվեց Հնությունների պահպանության կոմիտեի նախագահ՝ նա ավելի հաճախ էր գնում հուշարձաններ` տեսնելու և միջոցներ էր որոնում նրանց պահպանելու, նորագելու։
-Պետք է փրկել ինչ հնարավոր է, — ասում էր հաճախ։ Իսկ Երևանի մասին նա միշտ այն կարծիքն էր հայտնում, թե հիանալի դիրք ունի և հիասքանչ տեսարաններ, և ահա քաղաք կառուցելիս՝ ելակետ պետք է ունենալ այդ դիրքը և տեսարանները... Քաղաքը և շրջապատը պետք է ներդաշնակեն իրար, դառնան միաձույլ և օրգանական...
Ես պիտի խոստովանեմ, դժվարանում էի պատկերացնել և անգամ` չէի հավատում, թե կավաշեն Երևանը կարող է մի օր վերակառուցվել այնպես, որ ժամանակակից քաղաք դառնալով՝ ներդաշնակի շրջապատին, լինի միաձույլ և օրգանական։ Մի՞թե հնարավոր է այդ։
Ես տարակուսում էի:
Բայց մի անգամ ահա բախտ ունեցա Քաղխորհրդում ներկա լինելու քաղաքի հատակագծի քննարկմանը։ Մտավորականների մի մեծ խումբ հրավիրված էր հատակագծին ծանոթանալու և իր կարծիքը հայտնելու։
Այդ օրը Թամանյանը ոգևորված էր, եկողներին, ընդունում էր սիրով և իրեն հատուկ կիրթ ձևով, բայց պարզ նկատելի էր, որ նա, ընդամենը մի տասը տարվա մեջ, շատ էր փոխվել արտաքինով, առանձնապես դեմքով, խոշոր, պայծառ և արտահայտիչ աչքերը տկարացել էին, ակնոցավ անգամ դժվար էր տեսնում։ Այժմ, ամբողջովին տարված լինելով նորանոր հատակագծերով և նոր քաղաք կերտելու իր մտահղացումներով, հագնվում էր նույնիսկ անփույթ։ Բայց ներքինը՝ հոգևորը, գեղեցիկը սիրելու և գեղեցիկը ստեղծելու հուրը մնացել էր անշեջ․․․
Այդ երևում էր այն պահին, երը նա մի երկար ու բարակ ձող ձեռքին՝ բացատրում էր ապագա մայրաքաղաքի պատկերը, այսինք թե ինչ թաղամասեր, ինչ հրապարակներ ու կարևոր փողոցներ է ունենա Երևանը:
Այդ ժամանակ նա թեև ընկճված էր իր ընտանեկան վշտից, բայց և տարված, հափշտակված է իր հատակագծով այնպես, ինչպիս ճշմարիտ բանաստեղծը ստեղծագործության պահին: Երբ նա ասում էր, թե հարավային փողոցը կերթա այնպես, որ քաղաքացիները հրապարակից միշտ տեսնեն Արարատը, կամ՝ Կուլտուրայի տան առջևից պիտի բացվի մի լայն բուլվար-փողոց, որտեղից միշտ կերևա Արագածը, — նրա հափշտակությունը վարակում էր մեզ, ստեղծվում էր մի պայծառ պատրանք, թվում էր, թե ապագա քաղաքը գծագրվում ու կենդանանում է մեր առաջ — շրջանային փողոցներ, նրանց զուգահեռ կանաչ գոտիներ, որոնց նա անվա-նում էր «քաղաքի թոքեր», և զբոսայգիներ՝ երախտավոր գործիչների արձաններով, ավազաններով, շատրվաններով...
Եվ պատրանքը հետզհետե ընդունում էր իրականության կերպարանք: Հատակագիծը հրապուրիչ էր. վարպետն ապրում էր իր ապագա քաղաքի մեջ... Եվ բոլորն այնպես էին տարված հատակագծի հմայիչ հեռանկարով, որ ոչ ոք չուզեց առարկել այդ պատրանքին, ինչը իրականություն պիտի դառնար շուտով: Եվ այժմ ահա դառնում է մեր աչքի առջև...
Նույնպիսի հիացմունքով ընդունվեց նաև նրա ճարտարապետական նորագյուտ ուղղությունը, որը առաջին հերթին երևաց հիդրոկայանի շենքում:
Թվում էր, թե այստեղ էլ ոչ ոք չէր կարող առարկել Թամանյանի այս նոր ուղղությանը:
Բայց ահա, երբ սկսվեց Կառավարական տան կառուցումը (որ այն ժամանակ կոչվում էր Հողժողկոմատի շենք), մի խումբ երիտասարդ ճարտարապետներ, տարված եվրոպական կոնստրուկտիվիստական ճարտարապետության և հատկապես ֆրանսիացի ճարտարապետ Կորբյուզեի ոճով, հարձակվեցին խեղճ Թամանյանի վրա, թե՝ «Հայ-հարայ, հասեք, Թամանյանը սովետական օրով եկեղեցի է կառուցում», և այլն, և այլն: Հայկական ճարտարապետության առանձնահատուկ ոճը նրանց թվում էր եկեղեցական ոճ:
Այնքան աղմուկ բարձրացրին իրենց հոդվածներով, ելույթներով և նույնիսկ ծաղրանկարներով, որ հանգուցյալ Արամայիս Երզնկյանը (որ հողժողկոմ էր այդ ժամանակ և տան պատվիրատ տուն) ստիպված եղավ մի հոդվածով պատասխանել և դառն խոսքեր ասելը նրա հոդվածը, որքան հիշում եմ, վերջանում էր մի այսպիսի տողով, «Դուք ինքներդ մի կարգին գոմ շինեք՝ հետո քննադատեք»..․
Թամանյանը, շատ զգայուն մարդ էր թե որքան էր ազդվում այդ քննադատությունից՝ դժվարանում եմ ասել: Նա գլուխը կախ շարունակում էր իր գործը: Սակայն, երբ մի անգամ խոսք եղավ այդ մասին և ես հարցրի, թե ի՞նչպես է ընդունում այդ քննդատությունը, նա ձեռքը թափ տվեց:
-Ոչինչ: Երիտասարդներ են... թո՛ղ գրեն: Երբ հասակ առնեն և աշխարհ տեսնեն՝ կհասկանան, որ հայկական ճարտարապետական ոճը կրոնական չէ, որ նա հիմնականում առաջացել է շինանյութի բնույթից, երկրի կլիմայական ու աշխարհագրական առանձնահատկությունից, և նա՝ այդ ոճը աշխարհի գեղեցիկ ոճերից մեկն է...
Ու ինքը աներեր շարունակեց իր գործը, խորին համոզմունքով, հավատարիմ մնալով իր հայտնագործած ու մշակած ոճին՝ իր գրեթե բոլոր լավագույն կառուցումների մեջ... Իսկ նրա երիտասարդ քննադատները, տարիներ անց, վերանայեցին իրենց դիրքը և, ի պատիվ իրենց, գնահատեցին Թամանյանին:
Բայց Թամանյանը չէր հանգստանում ձեռք բերածով, նա շարունակ որոնումների մեջ էր, և նրա միտքը շարունակ զբաղված էր ճարտարապետական տեսիլներով: Երբ իմ ամենօրյա ճանապարհին հանդիպում էի նրան աշխատանքի գնալիս կամ այնտեղից վերադառնալիս, նա մտքերի մեջ խորասուզված էր լինում միշտ: Երբեմն այնպես էր տարված լինում իր մտքերով, որ չէի կամենում իմ ողջույնով խանգարել նրան, կտրել նրա մտքի թելը, ինչպես ասում են. բայց երբ մեկ-մեկ, սովորության բերումով, բարևում էի, նա կանգ էր առնում շփոթված, ասես մեծ անքաղաքավարություն թույլ տված․
— Ա, ներողություն, Բարև ձեզ... Ցրված էի, չնկատեցի, Ոչ, նա ցրված չէր. նա միշտ տարված էր իր երազներով, իր ընթացիկ ծրագրերով, անելիքներով, ինչպես մի խանդավառ ստեղծագործող:
Ամեն տեղ, ամեն ժամ նա իր հղացումների հետ էր և միաժամանակ ապրում էր իր սկսած գործի խորին պատասխանատվությունը:
Պետք է ջանալ, որ մեր քաղաքը լինի ըստ ամենայնի արդիական, ինքնատիպ և... մեր ժողովրդի ոգուն հարազատ,— ասաց նա մի անգամ, երբ խոսում էինք նորից ճարտարապետության հարցերի շուրջը:-
Եվ նա ձև տվեց այդ մեծ երազին...
Աղբյուրը՝ Ալեքսանդր Թամանյան.հոդվածներ, փաստաթղթեր, ժամանակակիցները նրամ մասին, Երևան, 1960: