Եղիշե Չարենցի մոր՝ Թեկղի (Թելլի) Միրզոյանի մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Տարբեր հուշերի պատառիկներից կարելի է տեսնել, որ նա շատ կապված է եղել որդուն: Եղել է մեղմաբարո, բարեսիրտ ու հոգատակար կին և որոշ չափով մեղմացրել ու հավասարակշռել է ընտանիքի հոր՝ Աբգար աղայի խստությունը: Իր «Չարենց-նամե» պոեմում բանաստեղծն այսպես է հիշում մորը.
Ահա մայրս՝ գնում է ջրի,
Գլխին՝ Թեհրանի լաչակ...
Սուլում է քամին Նաիրի—
Ուզում եմ բարձր ճչալ։
Պարզում է ձեռքերն առաջ
Հոգիս, որպես որբ տղա.—
Ուզում է— արևկեզ հարավ,
Ուզում է արևի ծնծղան...
Իսկ երբ մայրս մազերին իր ձյուն
Դնում է ոսկեմուգ հինա—
Թվում է՝ մազերի միջով
Ես կարող եմ Թեհրան գնալ...
Կարող եմ հասնել Հնդուչին,
Տիրանալ գանձերին Շահի...
Մանկություն... ոսկեթև՜ թռչուն...
Դեղնավուն ոսկի՜ հինայի...
Սակայն բանաստեղծի՝ մոր նկատմամբ վերաբերմունքը լավագույնս դրսևորվում է նրա ամենահայտնի ու սիրված ստեղծագործություններից մեկում՝ «Մորս համար գազել»-ում: Այս չքնաղ բանաստեղծությունը՝ ինչ-որ չափով արձագանքելով 20-րդ դարասկզի հայ պոեզիայի մայրերգության օրինակներին, մասնավորապես, Ավետիք Իսահակյանի՝ «Մայրիկիս», «Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված... », «Մայրիկ, նայիր, արևն ինչպես... », Վահան Տերյանի՝ «Հիշում եմ ինչպես այն ուշ», «Կարծես թե դարձել եմ ես տուն» գործերին, բերում է մոր կերպարի մի փոքր այլ ընկալում.
Մորս համար գազել
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...
1920 թ․