Վարպետը
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենավառ անհատականություններից մեկն է։ Մարդ, որ ուղնուծուծով համապատասխանում է «նկարիչ» կամ «արվեստագետ» հասկացությանը։ Մարդ, որին բացարձակապես չէր հուզում ժամանակի արվեստաբանների կամ արվեստասերների կարծիքը։ Նկարիչ, որ նկարում էր, որովհետև պարզապես չէր կարող չնկարել։ Նկարիչ, որ սեփական ստեղծագործության ամենախիստ քննադատն էր, քանզի առանց վայրկյան իսկ հապաղելու այրում-ոչնչացնում էր իր այն բոլոր կտավերը, որոնք ինչ-ինչ պատճառներով համարում էր չստացված։ Նրա ոչնչացրած գործերի թիվը անցնում է 1000-ից։
Չէր վաճառում իր կտավները
Պատկերացրեք մի նկարչի, որ հրաժարվում է վաճառել սեփական գործերը։ Նրա կտավները ցանկանում էին գնել ժամանակի կոլեկցիոներները, արտասահմանից եկած արվեստասերները, ընկեր-բարեկամները, վերջապես՝ պետական թանգարանները։ Սակայն վարպետը գրեթե միշտ բոլորին մերժում էր։ Չափազանց հազվադեպ են այն դեպքերը, երբ նա համաձայնել է որևէ նկար վաճառել։ Որպես հետևանք՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն իր կյանքի 75 տարիների ընթացքում գրեթե մշտապես գտնվել է ֆինանսական ծանր կացության մեջ։
Թեպետ երբեմն պատահել են նաև վաճառքի դեպքեր, սակայն դրանք, որպես կանոն, շատ արտասովոր վերջաբան են ունեցել։ Ահա թե ինչ է այս առթիվ հիշում անվանի արվեստաբան Ռուբեն Զարյանը.
«Ռուբեն Դրամբյանին (Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն՝ 1924-1951) հայտնի էր, որ ես կամենում եմ ունենալ Բաժբեուկի նկարներից գոնե մեկնումեկը։ Մի օր զանգահարեց և ասաց, թե կա այդպիսի հնարավորություն։ Պարզվեց, որ նկարիչը եկել է Երևան և, ի զարմանս իր արվեստագետ բարեկամի, հետը բերել է մի կտավ՝ կնոջ մի նկար, և խնդրում է գնել, քանի որ կարիքի մեջ լինելով՝ ստիպված է այդ կտավը վաճառել։ Գնացի տեսա, խոստացա, որ կվերցնեմ, բայց անմիջապես գնելու փոխարեն, — հիմա չեմ հիշում, թե ինչու, — հապաղեցի և կորցրի հնարավորությունը։ Նկարիչը շտապում էր, և Դրամբյանը ստիպված էր ինքը գնել նկարը։
Անցավ մի որոշ ժամանակ, և Դրամբյանն ինձ պատմեց այդ նկարի ամբողջ պատմությունը։ Բանից պարզվում է՝ Բաժբեուկը կտավը վաճառել է ոչ թե կարիքից դրդված, — ե՞րբ նա կարիքավոր չի եղել, — այլ բոլորովին այլ պատճառով։ Պարզվում է՝ նկարիչը մի կնոջ հետ մտերմություն է ունեցել՝ երկար և սրտագին։ Իր զգացմունքների այդ բուռն շրջանում նկարում է մտերմուհուն։ Նկարում է ոչ միայն նրան, այլև իր սերը, զգացմունքները, այսինքն՝ այնպես, ինչպես միայն ինքն էր տեսնում այդ կնոջը։ Նկարում է և կախում բնակարանի պատից։ Շատերն են տեսնում այդ նկարը։ Շատերն են հավանում և ցանկանում ձեռք բերել։ Նկարիչը չի համաձայնում։ Եվ հանկարծ պատահում է այնպես, ինչպես լինում է կյանքում, երբ հավիտյան միասին լինելու երդում տվածները գժտվում ու հեռանում են միմյանցից։
Թե ինչ ապրումներ է ունեցել նկարիչը, ոչ ոք չի կարող ասել։ Հայտնի է միայն, որ նա կտավը իջեցնում է պատից և շրջված դնում պատի տակ, որպեսզի անգամ նկարում այդ կնոջը չտեսնի։ Սակայն հոգու խորքում չմեռած սերը ամեն օր ստիպում է նկարչին կտավը ետ շրջել ու նայել սիրելի կնոջ դեմքին։ Նայում էր երկար ու կարոտով։ Եվ հետո հանկարծ հիշում էր գժտությունը ու նորից կտավը շրջում դեպի պատը։ Եվ զգալով, որ զգացմունքն ավելի ուժեղ է, քան կամքը, Բաժբեկուկը մի օր փաթաթում է նկարը, նստում գնացք ու գալիս Երևան՝ ուղիղ իր արվեստաբան բարեկամի տուն։ Մնացածը ընթերցողին հայտնի է։
Բավական ժամանակ էր անցել՝ կրկին գնացի Դրամբյանների տուն։ Բաժբեուկի այդ նկարը աչքովս չընկավ։ Մյուս նկարները կային, իսկ դա չկար։ Հարցրի, թե ուր է։
Դրամբյանն ասաց.
— Բաժբեուկը եկավ ու տարավ։
— Ինչպե՞ս, չէ՞ որ նկարը Ձեր սեփականությունն էր։
— Այո՛, իհարկե, ես չէի տալիս, բայց տարավ։ Ասաց, թե իրեն հարկավոր է այդ նկարը, շատ է պետք։ Դե, նրան էլ լավ գիտեք, ընդդիմանալ հնարավոր չէ։ Ես էլ զիջեցի։ Ու քանի որ ի վիճակի չէր դրամը վերադարձնելու, խոստացավ փոխարենը ուրիշը տալ։
Որոշ ժամանակ անց Դրամբյանն ինձ ասաց, որ Բաժբեուկը նոր նկար է ուղարկել, և բացեց նախորդի «գաղտնիքը»։ Պարզվում է՝ Բաժբեուկն ու նկարի հերոսուհին հաշտվել են։ Նկարիչը զգում է, որ մի բան պակասում է իր տնից, իր կյանքից։ Հասկանում է, որ պակասողը իր մտերմուհու նկարն է։ Իսկ այդ կտավը ստեղծելիս նա գույնի ամեն մի շերտի մեջ իր զգացմունքն էր դրել։ Այդ դեպքում ինչո՞ւ նկարը կախված լինի մի ուրիշի պատից, թեկուզև այդ ուրիշն իր անկեղծ բարեկամն է»։
Նաև չէր նվիրում
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն անգամ շատ մտերիմ հարազատներին մեծ դժվարությամբ էր կտավներ նվիրում։ Իսկ եթե նվիրում էլ էր, ապա՝ երկար տատանումներից հետո։ Թեև նույնիսկ այդ դեպքում չկար ոչ մի երաշխիք, որ նվիրած կտավ վարպետը ինչ-որ ժամանակ անց ետ չի վերցնի։ Ահա թե ինչ է այս առթիվ Ռուբեն Զարյանին պատմել Եղիշե Չարենցը.
«Մի օր Բաժբեուկ-Մելիքյանի գնալուց հետո Չարենցին հարցրի, թե ինչու այսպիսի լավ նկարչի գործերից Պատկերասրահում գրեթե ոչինչ չկա։
— Չի վաճառում, — ասաց Չարենցը։ — Քաղցած է մնում բայց չի վաճառում։
Ու պատմեց, թե ինչպես մի օր, վրաց նշանավոր նկարիչ Լադո Գուդիաշվիլին այցելում է Բաժբեուկ-Մելիքյանին։ Մոտ ու լավ բարեկամներ էին։ Գուդիաշվիլին նայում է տանտիրոջ նոր նկարները, որոնցից մեկն առանձնապես դուր է գալիս նրան։ Զրույցի ժամանակ հաճախ է նայում հավանած նկարին։ Նստում են սեղան, աչքը չի հեռացնում նկարից։
— Ինչ է, շա՞տ ես հավանում, — հարցնում է Բաժբեուկը։
— Այդ նկարը պետք է ինձ տաս, — ասում է Գուդիաշվիլին։
Բաժբեուկը ձայն չի հանում։ Նկարը տալ չի ուզում, բայց և մերժել էլ չէր կարող։ Գուդիաշվիլին համառում է՝ «չեմ գնա մինչև նկարը չտաս»։ Հուսահատության հասած Բաժբեուկը, ճնշում գործ դնելով իր վրա, նկարն իջեցնում է պատից՝ մակագրում։ Գուդիաշվիլին նկարը տանում է տուն։ Մեկ էլ հանկարծ գիշերվա կեսին լսում է դռան տանգապալի բախոց։ Անհանգստացած՝ խալաթը վրան է քաշում և գնում դուռը բանալու։ Ո՞վ լինի, որ լավ լինի` Բաժբեուկը։ Կանգնած է դռան մոտ՝ աչքերի այլայլված արտահայտությամբ։
— Ի՞նչ է, դժբախտությո՞ւն է պատահել, — հարցնում է վրացի ընկերը։
Ասում է՝ չէ՛, եկել է նկարի հետևից»։
20 քմ
Ապրելով ու ստեղծագործելով Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում՝ վարպետն իր ընտանիքով ամբողջ կյանքն անց է կացրել 20 քմ տարածք ունեցող մի բնակարանում, որը միաժամանակ ծառայում էր թե՛ որպես տուն, թե՛ որպես արվեստանոց։ Այդ բնակարանի բոլոր պատերը ողողված էին վարպետի կտավներով, բայց ընդհանուր առմամբ այնտեղ հնարավոր էր փակցնել ընդամենը 110 նկար՝ ֆիզիկապես տարածքն ավելին թույլ չէր տալիս։ Ու երբ ստեղծվում էր հերթական գործը, որ բավարարում էր վարպետի պահանջներին, նա բնակարանի պատերին փակցված 110 կտավներից որևէ մեկը ստիպված ոչնչացնում էր, որպեսզի դրա փոխարեն կախի նոր կտավը։ Արդյունքում՝ մոտ 60 տարիներում ստեղծված շուրջ 2000 կտավներից այսօր մեզ հասել են վարպետի մոտ 110 գործեր, մնացյալը հեղինակը այրել-ոչնչացրել է կա՛մ սեփական խստապահանջության պատճառով, կա՛մ էլ բնարականում դրանք տեղավորելու անհնարինությունից։
«Ամենակեղծվողներից» մեկը
Վերևում նշված փաստը հաշվի առնելով՝ առավել ապշեցուցիչ է այն հանգամանքը, որ այսօր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը «ամենակեղծվող» հայ նկարիչներից մեկն է. տեղական և միջազգային շուկաներում շրջանառվում են վարպետի մոտ 4000 կեղծված գործեր, որոնք երբեմն նույնիսկ վաճառքի են հանվում աշխարհի ամենահեղինակավոր աճուրդներում։
Հեղինակ Սևակ Ղազարյան