Շատ ու շատ հեքիաթներում, հերոսն անցնելով փորձությունների միջով, հաղթում է չարին իր ազնվությամբ, խելքով, բարությամբ, քաջությամբ, ապա անպայման ինչ-որ պարգևի արժանանում` ամուսնանում արքայադստեր հետ, ստանում թագավորության կեսը, վայելում մարդկանց սերն ու հարգանքը:
Հեքիաթները, բացի երեխաներին զբաղեցնելը, նաև ունեն խորը դաստիարակչական նշանակություն. հեքիաթային հերոսների օրինակով մանուկներին սովորեցնում են, որ բարին, լավը, ազնիվը անպայման հաղթում է, աշխատասեր ու խելացի հերոսը կամ հերոսուհին ի վերջո հասնում է հաջողության: Ըստ այդմ էլ, հեքիաթն արդիական է բոլոր ժամանակներում, այլ է խնդիրը, որ ժամանակակից երեխաներին հետաքրքրող հարցերին պատասխան տալու համար դասական ժողովրդական կամ հեղինակային հեքիաթները երբեմն բավարար չեն:
Ըստ հոգեբանների և արտթերապիայի մասնագետների, հեքիաթների միջոցով հնարավոր է շատ բաների հասնել նաև այսօր
Օրինակ, համոզել երեխաներին հրաժարվել կոլա խմելուց կամ չիպս ուտելուց, կամ այնպես անել, որ երեխան դադարի ընկերների հետ կռվել մանկապարտեզում: Հեքիաթների շնորհիվ հնարավոր է անգամ արմատախիլ անել տարբեր վախեր և դրա համար պարտադիր չէ մանկական հոգեբան կամ հայտնի հեքիաթագիր լինել. մի քիչ երևակայություն, գումարած ստորև բերվող խորհուրդները և դուք նույնպես կարող եք հեքիաթագիր դառնալ:
Հեքիաթ հորինելու 9 ոսկե կանոն
1. Գլխավոր հերոսը պետք է ինչ-որ բանով նման լինի ձեր երեխային. վախենա նույն երևույթներից կամ կերպարներից, սիրի նույն գույնը, կամ ունենա մեծ քույրիկ, ինչպես ձեր երեխան: Սակայն նմանությունը չպետք է նույնության վերածել: Օրինակ, Աննա անունով ձեր աղջկան չպետք է պատմել Աննա անունով հերոսուհու մասին. ակնհայտ համընկնումները կարող են փոքրիկին դուրս բերել հոգեբանական անվտանգության շրջանակից:
2. Հեքիաթը պետք է հրաշապատում լինի, հեքիաթային աշխարհը բնակեցված լինի փերիներով, վիշապներով, դղյակներով, կախարդներով:
3. Հեքիաթի դիպաշարի զարգացման հիմքում պետք է դրված լինի հոգեբանական այն խնդիրը, որն անհանգստացնում է երեխային: Լուծումը պետք է տրվի այնպես, ինչպես ավանդական հեքիաթներում` տարբեր հրաշքների, հրաշալի օգնականների, խիզախության ու հնարամտության շնորհիվ հերոսները պետք է հաղթեն չար ուժերին, գտնեն ու բերեն պահանջված առարկանները, բուժիչ դեղամիջոցը և այլն: Ի վերջո` բարին հաղթի չարին:
4. Անհրաժեշտ է հեքիաթի հորինմանը մասնակից դարձնել նաև երեխային: Կարող եք նրանից ճշտել հեքիաթի դիպաշարի մանրամասները, հերոսների հագուստների գույները, հեքիաթի հանգուցալուծումը և այլն: Երբ երեխան իր հեքիաթային հերոս-կրկնակին օգնում է հաղթահարել տարբեր փորձություններ, ինքն էլ աստիճանաբար հաղթահարում է իրական դժվարությունները:
5. Չի բացառվում, որ երեխայի հեքիաթը վատ ավարտ ունենա, հերոսը մոլորվի անտառում, շրջապատվի հրեշների կողմից, պարտվի հակահերոսի հետ կռվում: Նման դեպքերում կարող եք անսպասելի և արագ լուծում տալ. ասենք կախարդական փայտիկով ցրել բոլոր հրեշներին, կամ հերոսին արթնացնել քնից` պատճառաբանելով, որ հերոսը երազ է տեսնում:
6. Յուրաքանչյուր հեքիաթում հերոսի կողքին անպայման հակահերոս է գործում: Եթե Ձեր հեքիաթում այդպիսի կերպար չեք նախատեսել, անպայման հորինեք նրան: Առանց հակահերոսի չի կարող հերոս լինել: Հակահերոսների կերպարի մեջ խտանում է, այն ամենն ինչ սխալ ու վատ է: Հստակ կերպավորված չարին կարելի է հաղթել, կամ լավը դարձնել, բարիացնել…:
7. Ուզո՞ւմ եք երեխաներին համոզել ավելի քիչ քաղցր ուտել, ապա հորինեք ինչ-որ արտահայտիչ պատկեր. օրինակ չար կախարդը ուզում էր, որ բոլոր երեխաները հիվանդ լինեն, որ բոլորի ատամիկները փչանան, դրա համար նա մեծ կաթսայի մեջ լցնում է մեքենաների հին անիվները, գորտեր, մորեխներ ու տարբեր սարսափելի միջատներ, վրան էլ ավելացնում է այնքան շաքարավազ, որ քաղցր լինի, ու ներկեր, որ գեղեցիկ լինի: Դրանով կոնֆետներ, չիպսեր է պատրաստում և ուղարկում խանութներ, որ երեխաները ուտեն, լինեն թույլ և վատառողջ, որ չհաղթեն չար ուժերին: Եվ միայն իսկական հերոսը կարող է չուտել նրա պատրաստածը, մեծանալ ուժեղ և հաղթել չար կախարդին:
8. Հեքիաթաթերապիայի առումով անօգուտ կլինի այն հեքիաթը, որտեղ չկա վառ արտահայտված հերոս: Պետք չէ հույսը դնել երեխայի երևակայության վրա` մտածելով, թե նա ինքը կգծագրի մտքում ամեն բան` առանց ձեր մասնակցության: Կարևոր է նաև հեքիաթ հորինելու ընթացքում ձեր տրամադրությունն ու ներգրավվածությունը: Հեքիաթ պատմելիս աշխատեք երեխայի պես մտածել ու զգալ, նրա հետ միասին` լարվել, տխրել ապա ուրախանալ` հասնելով բարու հաղթական ավարտին:
9. Եթե երեխան անիքնավստահ է, տարբեր բարդույթներ ունի, ապա նրան պատմեք անճոռնի ճուտիկի հեքիաթը կամ այն կորյունի մասին, որը շատ թույլ ու անօգնական էր փոքր տարիքում, բայց հենց մեծանում է, դառնում կենդանիների արքան:
Ըստ Ա. Կաշինայի «Տնային հեքիաթաթերապիա» հոդվածի: