Հենրիկ Էդոյանի նոր Ժողովածուն ի մի է բերում սոնետին բանաստեղծի նախորդ անդրադարձները: Սկսած իր առաջին՝ «Անդրադարձումներ» (1977) գրքից, ապա՝ «Պատկեր եւ կեսօր» (1980) եւ «Հարյուր սոնետ» (1993) ժողովածուներում բանաստեղծն անընդհատ վերադառնում է համաշխարհային եւ հայ պոեզիայի սիրելի այս տեսակին, հարստացնում այն բովանդակային նոր գծերով՝ ցույց տալով սոնետի հնարավորությունները, դասականի ու ժամանակակիցի ներդաշնակությունն ու բանաստեղծական հայերենի հարստությունը: Ներկայացնում ենք 5 սոնետ այս գրքից։
Լուռ ու լքված զանգի նման ջրասույզ,
որ հանգչում է հիշողության ջրերում,
դեմքի վրա մի ստվեր է երերում
եւ բարձրանում ինչպես հայացք, ինչպես բույս:
Աչքերը լուռ հեռանում են դեպի ներս,
սահմաններից տեսողության դաշտերի,
դեպի ներքին տարածությունն աչքերի,
ուր ապրելը աննկատ է օդի պես:
Թփերն աճում, փարթամանում են ահա,
երեխաներն, իբրեւ հողի ժառանգներ,
այնտեղ ծնվում, մեծանում են ակամա:
Վերադարձի մեղեդին է հնչում դեռ,
դեմքի վրա մի ստվեր է երերում
մամուռների եւ լռության խորքերում:
****
Բայց ոչ մի ձեռք սիրտս հիմա չի ցնցում,
իմ լռության տարածությունն այս ժամին
վերածնվում, դառնում է իմ թշնամին
եւ ինձ վրա իր ձեռքերն է տարածում:
Քամին մի պահ քնած օդն է արթնացնում,
իմ հին բառեր, ես գալիս եմ դեպի ձեզ,
լուռ եմ, ինչպես ծառի մի ճյուղ կամ ինչպես
ժամը, որ իր սահմաններից չի անցնում:
Կյանքը պահն է՝ տպված դեմքի նկարին,
ներքին թռիչքն անձրեւի մեջ եւ քամու,
լուռ աշխարհի միաձուլումն իր բառին:
Ես խոսում եմ՝ բառերն ինձնից պոկելով
(շարժում՝ ընկած մակերեսին հայելու)
եւ իմ խորքում քո աչքերը փակելով:
ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՑՅԱԼ Է
Այն, ինչ անցյալ է, անվանում եմ սեր,
ինչ հուշի մեջ է, ներկան է միակ,
ինձ տրված օրը աստված եմ կոչում
եւ ապրում նրա գմբեթների տակ:
Շարժում եմ ճյուղերն իմ հին ծառերի,
ընդունում վերջին մոտեցումն օրվա,
իմ նշանների հետքերն եմ թողնում
նրա դատարկված աչքերի վրա:
Ձեռքերս, ինչպես թռչուններ երկու,
զարթնում են հանկարծ միրաժում կյանքի,
հիշելով մի պահ ցավը երկունքի:
Ծառերի վրա օրերն են երգում,
ես ողողվում եմ անթափանց մուժով,
կանգնում եմ՝ պատված հուշի զմուռսով:
1974
****
Ամեն տող ապրում է սեփական կյանքով,
ամեն տող սեփական իր պատկերն ունի,
նման ճյուղերի մեջ նստած թռչունի,
բառն այնտեղ ապրում է իր ներշնչանքով:
Թե մոտենաս նրան, նա հառաչանքով
կշարժի թեւերը, կպոկվի ճյուղից,
բարձրացիր ինքնուրույն բառից ու տողից,
եւ Խոսքը կտեսնես իր կյանքում հանգչող:
Բառերն ու տողերը ծնվում են, մեռնում,
որքան հնանում են, ծերանում, այնքան
բանաստեղծությունը ջահել է դառնում:
Ինչպես երեխաներ, ապրում են նրանք,
խաղում իրար հետ, բայց մի ձեռք նրանց
պահում է մի անտես հսկողության տակ:
ԴԵՌ ՉԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ
Ձեռքս դանդաղ բարձրանում է մազերդ ի վեր,
այնտեղ լողում, ինչպես մի նավ — պոկված ափից,
մենք չենք տեսնում, բայց երկնքի շրջանակից
մեզ են նայում դեռ չծնված երեխաներ:
Մեր աչքերից օդ են ճախրում երկու ճայեր,
նրանք թռչում, բարձրանում են, իջնում նորից,
գալիս է նա — մեր երեխան, եւ քեզ ու ինձ
տանում սիրո լույսերի մեջ — հագած թեւեր:
Քո կոնքերում վազում է նա, խաղում այնտեղ,
քո ձեռքի մեջ նոր գծեր են ավելանում,
կապվում փայլուն մի աստղի հետ, դառնում աղեղ:
«Ինչքա՜ն մոտ է»,— աստղը դիտում, ասում ես դու,
իսկ երկնքի շրջանակից քեզ են նայում
երեխաներ, որ չես տեսնում, բայց ունես դու:
1979
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Հենրիկ Էդոյան, Հարյուր սոնետ, Երևան, Զանգակ, 2021։