Համո Սահյանը մեր այն բանաստեղծներից է, ում սիրված գործերը դարձել են ոչ պակաս սիրված երգեր: Բնության ու հայրենիքի, նաև սիրո թեմաներով սահյանական բանաստեղծությունները գտել են իրենց երգային տպավորիչ արտահայտությունը: Հ. Սահյանի բանաստեղծություններն իրենց հանգով, մեղեդայնությամբ, անկեղծ զրույցի ու անմիջական ապրումի փոխանցման տոնայնությամբ ներդաշնակորեն ձուլվել են մեղեդիների հետ: Art365-ը Համո Սահյանի ծննդյան օրվա առթիվ ներկայացնում է նրա 5 բանաստեղծություն և դրանց հիման վրա տարբեր տարիներին ստեղծված 5 երգ:
Եվ չիմացանք թե ինչու
Ես չիմացա թե ինչու՞,
Դու չիմացար թե ինչպե՞ս
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն—առանց մեզ։
Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա թե ինչպե՞ս,
Դու չիմացար թե ինչու՞։
Դու չիմացար թե ինչպե՞ս,
Ես չիմացա թե ինչու՞
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու։
Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա թե ինչպե՞ս,
Դու չիմացար թե ինչու՞։
Խառնվեցին երկու «ես»
Ու դարձան մեկ՝ «ես ու դու»,
Դու չիմացար թե ինչպե՞ս,
Ես չիմացա թե ինչու՞։
Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա — ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար թե ինչու՞,
Ես չիմացա թե ինչպե՞ս։
Ու բախվեցինք մեկ–մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք թե ինչու՞,
Եվ չիմացանք թե ինչպե՞ս։
Վախթանգ Կիկաբիձե
Երաժշտությունը՝ Ալեքսեյ Հեքիմյանի
Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է
Կլինեմ, կմնամ այսպես:
Շուշան Պետրոսյան
Երաժշտությունը՝ Ռուզան Սիմոնյանի
Արագիլները
Դուք ինձ չե՞ք ասի, որբացած բներ,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելուց առաջ.
-Տառապում էին:
Դուք ինձ չե՞ք ասի, աստղեր ու արև,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելու պահին.
-Տագնապում էին:
Դուք ինձ չե՞ք ասի, անձմեռ հեռու,
Ի՞նչ էին խոսում իրար ականջի
Արագիլները չվելուց հետո.
-Կարոտում էին:
Անքուն եղեգներ անձմեռ հեռվի,
Ի՞նչ էին խոսում արագիլները
Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ.
-Շտապում էին:
Բուք արտաշնչող լեռնագագաթներ,
Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած
Արագիլները ետ գալու պահին.
-Հավատում էին:
Լեյլա Սարիբեկյան
Երաժշտությունը՝ Սասուն Պասկևիչյանի
Ինքս ինձ պես
Այս աշխարհում ես ապրեցի
Աշխարհի հետ
Եվ ինքս ինձ հետ կռիվ տալով,
Ինչ ունեի ցրիվ տալով,
Բեռ-բեռ, բուռ-բուռ լրիվ տալով
Մինչև անգամ նրանց, ովքեր
Հետո պիտի ուրանային...
Այս աշխարհում ես ապրեցի,
Ավաղ, քարին քացի տալով,
Աչքս հազար լացի տալով,
Հոգի տալով հազար անգամ,
Հազար անգամ դարձի գալով,
Դարձի գալով ես ապրեցի:
Ինձ կշռելով ու չափելով,
Իմ անբաժան անքնությամբ
Գիշերներս կրճատելով,
Խարույկի պես ճարճատելով,
Ծուխը բոցից,
Բոցը մոխրից անջատելով,
Իմ ջանքերով գերերկրային
Գերերկրային տանջանքներով,
Տանջանքներով ես ապրեցի:
Այս աշխարհում ես ապրեցի
Այս աշխարհի մեղքի համար
Ինձ մեղավոր ճանաչելով,
Եվ իմ չարած, բայց ինչ արած,
Հնարավոր մեղքի համար
Ինքս ինձանից ամաչելով,
Ամաչելով ես ապրեցի:
Այս աշխարհում ես ապրեցի
Ամեն տեսակ
Տաք ու պաղից ճաքճքելով,
Ամեն ինչից ինձ զրկելով,
Ինձ ժխտելով ու լքելով,
Բայց վերջնական կործանումից
Ու կորուստից ինձ փրկելով,
Ինձ փրկելով ես ապրեցի...
Այս աշխարհում ես ապրեցի
Այս աշխարհի բախտի համար
Իմ մատները մոմ անելով
Ու վառելով,
Չարածներիս համար անվերջ
Ես ինքս ինձ չարչարելով,
Ինձ կորցնելով ու ճարելով,
Մեկին հազար վճարելով,
Վճարելով ես ապրեցի:
Այս աշխարհում ես ապրեցի
Պարտք առնելով ու մարելով,
Ցավը ցավին գումարելով,
Լավը լավին գումարելով,
Գլուխս կախ, առանց ճառի...
Եվ ինչ էլ որ արի, չարի,
Իմ անճարակ, խեղճ ու կրակ
Լուսահոգի պապիս ասած,
<Գալս եղավ ճարահատյալ,
Եվ մնալս վայնաչարի>...
Եվ վերջապես
Իմ ուժերի ներածի չափ,
Այս աշխարհում ապրեցի ես
Ինքս ինձ պես, ինքս ինձ պես:
Հարութ Փամբուկչյան
Երաժշտությունը՝ Ավո Հարությունյանի
Փնտրում ես
Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:
Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:
Project LA
Երաժշտությունը՝ Լևոն Արևշատյան