Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հոգու հայելի» խորագրով ցուցադրությունը: Մինչ դեկտեմբերի 30-ը արվեստասերը հնարավորություն կունենա մեկ տեղում տեսնելու ճանաչված նկարչի շուրջ 100 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում:
Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանը, որպես հիմնական սկզբունքներ ընտրել է նկարչի ստեղծագործական կյանքի ժամանակագրական հաջորդականությունն ու ժանրաթեմատիկ բազմազանությունը: Սա հնարավորություն է տվել հնարավորինս ամբողջական ներկայացնել հեղինակի ստեղծագործական շրջանների հերթագայությունն ու անցումային փուլերը:
Հակոբ Հակոբյանի գեղարվեստական աշխարհը բնութագրվում է ինքնահատուկ գունամտածողությամբ, հայ նկարչության համար նոր գեղագիտական սկզբունքներով ու ոճական նորամուծություններով:
Վարպետի հայտնի կտավները՝ «Կինը խոհանոցում»(1959), «Սխտորներ»(1961), «Դերձակը»(1959), «Ջրանցքի մոտ»(1972), «Գործիքներ»(1998) և այլն, թե՛ իրենց ստեղծման ժամանակի մտայնությունների ու տրամադրությունների խորհրդանշական արտահայտությունն են, և թե՛ իրենց գաղափարական ու հոգեբանական խորությամբ ընկալելի ու արդիական են մեր օրերում:
Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից