Եղիշե Չարենցը պաշտամունքի հասնող սեր ու ակնածանք ուներ Կոմիտասի նկատմամբ։ Ըստ հուշագիրների նա դեռևս 1920-ական թվականներին ցանկանում էր Կոմիտասին նվիրված պոեմ գրել։ Հուշագիրների տարբեր վկայություններում հանդիպում ենք Կոմիտասի կերպարի ու գործի նրա գնահատումներին:
Գուրգեն Մահարին պատմում է, թե ինչ հիացմունքով էր Չարենցը լսում կոմիտասյան երգերի Ա․ Բակունցի կատարումները․
«Ակսելը ճեմարանից հիշում էր Կոմիտասի երգերը, երբեմն նեղ շրջանակում Կոմիտաս էր երգում չափ տալով, չնայած որ միակ երգողն ինքն էր։ Չարենցը շատ էր սիրում այդ երգերը․
-Մի Կոմիտաս երգիր, Ակսե՛լ։
Երբեմն էլ, երբ նեղսրտում էր ու ձանձրանում, գլխարկը քաշում էր աչքերի վրա և երեխայի նման խնդրու․
-Գնանք Ակսելի մոտ, Կոմիտաս լսենք»։
Իսկ երբ 1936 թ․ մայիսի 28-ին Երևանում հողին է հանձնվում Կոմիտաս վարդապետի՝ Փարիզից բերված աճյունը, Չարենցը ողբում էր մեծ երգահանի ու հայի մահը.
«Երեկոյան մոտն էի։ Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով։
Պատմեցի, թե ինչպես հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն» երգը, իսկ այդ պահին անձրև էր գալիս։ Չարենցն այս լսելով հուզվեց։ Փորձեց ինքն իրեն տիրապետել, բայց չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց լալիս էր։
Անցավ որոշ ժամանակ և Չարենցը խոսեց.
– Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ, և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել», -հիշում է Ռ․ Զարյանը։
Ժամանակակիցները պատմում են նաև թաղման արարողությանը բանաստեղծի մասնակցության մասին․
«Կոմիտասի դագաղը դրված էր Կուլտուրայի տան դահլիճում։ Ահագին բազմություն էր հավաքվել հրաժեշտ տալու։ Այնտեղ էին Կոմիտասի ընկերները․․Հանկարծ դռան մոտ եղած հասարակությունը ճեղքվեց՝ մեկին ճանապարհ տալու համար։ Չարենցն էր։ Տխուր էր, մորուսած, դեմքը գունատ։ Բարձրացավ պատվանդանին, գլուխը կախ կանգնեց, տրտում հայացքը ապակյա դիմաշրջանակին, որի տակից երևում էր Կոմիտասը։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ, ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը», -հիշում է Ռուբեն Զարյանը
Այս տպավորություններով է գրվել Եղիշե Չարենցի «Էպիտաֆիա» բանաստեղծությունը․
Աստ՝ Կոմիտասն է հանգչում՝ իբրև հող և աճյուն առհավետ։
Սիրտ մոխրացած, դարձած հող՝ երբեմնի անոթ ձայնածին։
Ա՛յր մահացու՝ աշխարհում նա եղել է դպիր, վարդապետ:
Այր մշտատև՝ ձայնապետ — ձայների արքա— ձայնագիր։
6 հունիսի, 1936 թ․
Այս օրերին էլ Եղիշե Չարենցը գրում Կոմիտասի հիշատակին պոեմը՝ Requiem aeternam («Հավերժական հանգիստ»)
Requiem aeternam
(հատված)
ՃԽ
Թո ՛ղ ամոքվի՛ վերջապես
Հազար սրով զարկած խոր—
Սիրտդ հողում մեր հրկեզ,—
Որպես գրկում սիրած մոր։—
Որպես վսե՜մ ողջակեզ՝
Հոգնած աճյունը քո թո՛ղ
Գտնի հանգի՜ստ վերջապես -
Եվ հայրենի դառնա հող...
ՃԽԱ
Եվ հայրենի այդ հողից,
Չանցած գարուն մի քանի—
Կելնեն շքե՜ղ և ուղիղ
Երգի շյուղե՜ր կենդանի։—
Եվ շշունջում գեղեցիկ,
Հնչեղ երգում նրանց խոր—
Կապրի հանճարը քո ջինջ՝
Անմահ երթի՜ ելած նոր...
ՃԽԲ
Կխաղաղվի՜ վերջապես
Խոնջած աճյունը քո հար։—
Դարձած մոխի՜ր կենսաբեր,
Դարձած ավյո՜ւն, դարձած քար։—
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն—
Եվ հայրենի՜ դարձած հող...
Չարենցը պոեմը գրել է սգո միջոցառումների անմիջական տպավորություններով, սակայն, Կոմիտասի ողբերգությունը, թերևս նույնացրել է նաև իր ողբերգական ճակատագրի հետ։ Ծավալուն պոեմը (1128 տող) հարգանքի տուրք էր մեծ հայի գործին ու հիշատակին։ Պոեմի ձեռագիր տարբերակներից մեկի շապիկիկին պահպանվել է Չարենցի ձևավորումն ու գրությունը․ «Requiem aeternam Կոմիտասի հիշատակին, գրեց Եղիշե Չարենց՝ դպիրն մեղսաբարո նայիրաբառ երկրի, Երևան Anno Domini MCM XXXVI Ի թուակ․ հայկ․ ՌՋԼԶ»։
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում է պահվում մոմե մի փոքրիկ ծաղիկ, որ իբրև հիշատակ Չարենցը վերցրել է Կոմիտասի դագաղի վրայից։
Հետաքրքիր է նաև Կոմիտասի մակագրությամբ թաշկինակի պատմությունը. այն վարդապետը նվիրել է իր աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանին՝ 1913 թվականին։ Չարենցը իր համբույրն է դրոշմել այդ թաշկինակի վրա Կոմիտասի ստորագրությանը և խնդրել առժամանակ պահել այն իր մոտ։ Իսկ Աղավնին այն հետագայում նվիրել է Անահիտ Չարենցին։
Աղավնի Մեսրոպյան
Աղավնի Մեսրոպյանն իր հուշերում պատմում է իր և Եղիշե Չարենցի հանդիպման մասին․
«1923 թվականի աշնան, երիտասարդ բանաստեղծ Եղիշե Չարենց առաջին անգամ եկավ Թիֆլիսի իմ բնակարանս իմ մանկության ընկերուհի Արուս Ոսկանյանի հետ։ Հուզումեն դողդողացող շրթունքներով, Չարենց նախ երանի տվավ ինձի, որ ես իմ սեփական աչքերովս տեսել էի Կոմիտաս վարդապետը, և ապա խնդրեց պատմել Կոմիտասի մասին։ Կոմիտասի կյանքի ու գործի վերաբերյալ ամեն մի հիշատակը Չարենց կհամարեր սրբազան մասունք և կրկին ու կրկին կխնդրեր, որ ոչինչ չպահեմ իրմե և ցույց տամ ամենաննշան մանրամասնություններն ալ, որ ունեի իմ ձեռքիս տակ»։
Այդ օրը Կոմիտասի հետ կապված այլ մասունքների հետ Աղավնի Մեսրոպյանը բանաստեղծին ցույց է տալիս նաև Փարիզի կոմիտասյան հանձնախմբի հրատարակած կոմիտասյան յոթ տետրերը։ Տեսնելով այդ տետրերը Ե․ Չարենցը ոգևորությամբ խոստանում է դրանք հրատարակել նաև Հայաստանում։ Բանաստեծն իր խոստումը կատարում է, և երբ Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ էր, 1930-ական թվականների սկզբներին հրատարակվում են կոմիտասյան երգերի տետրակները և նրան նվիրված ուսումնասիրություններ:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Նկարը՝ Ջոտտո, Չարենցը և Կոմիտասը, 1974
Նկարի աղբյուրը՝ www.gallery.am