Ի՞նչն է նրանց միավորում
Առաջին հայացքին Հրանտ Մաթևոսյանին ու Միքելանջելո Անտոնիոնիին գրեթե ոչինչ չի միավորում։ Նախ՝ նրանք արվեստի տարբեր ճյուղեր են ներկայացնում՝ գրականություն և կինո։ Հետո՝ ապրել ու ստեղծագործել են տարբեր հասարակարգերում՝ սոցիալիստական Հայաստան և կապիտալիստական Իտալիա։ Եվ վերջապես՝ նրանց արվեստի հիմնական թեմաները բավական տարբեր են. Մաթևոսյանը խոսում է գյուղից ու գյուղացիներից, իսկ Անտոնիոնին պատմում է մեգապոլիսների բնակիչների մասին։
Սակայն ուշադիր նայելիս պարզ է դառնում, որ իրականում այս երկու մեծերը մի շարք ընդհանրություններ ունեն։ Նախ՝ նրանք երկուսն էլ նորարար էին արվեստի իրենց բնագավառներում. մաթևոսյանական արձակը ոճական ու լեզվական առումով չունի իր նախատիպը հայ գրականության մեջ, ինչպես և Անտոնիոնիի «օտարացման» և «անհաղորդության» թեմաների արտահայտման ձևը չուներ իր նախատիպը իտալական կինոյում։ Եվ հետո՝ երկու հեղինակների գլխավոր մտահոգությունը օրեցօր ավելի ուրբանիստական դառնող աշխարհի մարդն է, որին այդ աշխարհը կտրում է իր արմատներից, ստիպում է հրաժարվել ընդունված բարոյական արժեքներից՝ նյութականը գերադասելով հոգևորից, ձևականը՝ իսկականից։ Որպես հետևանք՝ Մաթևոսյանի և Անտոնիոնիի հերոսները անընդհատ պայքարի մեջ են. նրանցից ոմանք պարտվում ու հանձնվում են, իսկ ոմանք էլ կռիվ են տալիս մինչև վերջ։
Երկու գործ մեկ օրվա մասին
Մաթևոսյանին ու Անտոնիոնիին կապող գլխավոր երկու գործերը «Խումհար» վիպակը և «Գիշերը» կինոնկարն են։
Անտոնիոնիի ֆիլմը մեծ էկրաններին է հայտնվել 1961 թվականին։ Գլխավոր դերերում են իտալական կինոյի աստղեր Ժաննա Մոռոն (Լիդիա), Մարչելո Մաստրոյանին (Ջիովանի) և Մոնիկա Վիտտին (Վալենտինա)։ Ջիովանին և Լիդիան ամուսնացած են, սակայն ֆիլմի առաջին իսկ կադրերից նկատելի է, որ նրանց հարաբերությունները խիստ լարված են, իսկ սերը՝ վտանգված։ Իրադարձությունները ծավալվում են Միլան քաղաքում։ Ամբողջ ֆիլմը մեկ օրվա պատմություն է։
«Խումհար» վիպակը գրվել է 1969 թվականին։ Գլխավոր հերոսը Արմեն Մնացականյանն է, որ հաճախում է կինոսցենարական դասընթացների, որոնց մասնակցում են նաև ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Գործողությունները զարգանում են Մոսկվա քաղաքում։ Ամբողջ վիպակը նույնպես մեկ օրվա պատմություն է։
Երկու դեպքում էլ արտաքնապես սովորական թվացող օրը պետք է դառնա էական, արտասովոր ու նշանակալից։ «Կյանքի լի օրերի ու փուչ օրերի շարան է», — ասում է Արմենը։ Բայց երկու դեպքում էլ օրը փուչ չէ, ընդհակառակը՝ տվյալ օրվա ընթացքում հերոսները շատ բան են պարզելու շրջապատող աշխարհի, ընկերների ու հարազատների և հենց իրենց մասին։
Երկու գործ՝ մեկը մյուսում
Կինոսցենարական հերթական դասընթացի ժամանակ Արմենին ու նրա դասընկերներին ցուցադրում են Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմը, որի սյուժեն շատ համառոտ Մաթևոսյանը շարադրում է վիպակում։ Կինոնկարը բուռն քննարկումների ու վեճերի պատճառ է դառնում։ Դասի մասնակիցներից ոմանք կարծում են, թե ֆիլմը շինծու է, իրականության հետ կապ չունի, ոմանք համոզված են, որ ֆիլմը մարդու մենակության մասին է, իսկ ոմանք էլ ճիշտ հակառակն են պնդում։ Բայց ամենակարևորն այն է, որ Անտոնիոնիի գործը չափազանց տպավորում է Արմենին և օրվա զարգացող իրադարձությունների խառնարանում նա պարբերաբար վերադառնում է ֆիլմում արտահայտված այս կամ այն գաղափարին։
Ի դեպ՝ Մաթևոսյանի վիպակի առաջին վերագիրը էր՝ «Կենդանին և մեռյալը»։ «Գիշերը» ֆիլմում հենց այդ վերնագիրն է Լիդիան առաջարկում իր ամուսնուն՝ որպես նրա նոր պատմվածքի խորագիր։
Երկու գրողները
«Խումհարն» ու «Գիշերը» նման են ոչ միայն կառուցվածքով, այլև գլխավոր կերպարներով։ Արմենն ու Ջիովանին գրողներ են։ Ջիովանին արդեն անվանի հեղինակ է, որը, սակայն, ստեղծագործական ճգնաժամ է ապրում։ Նա գիտի, թե ինչի մասին պետք է գրել, բայց չգիտի՝ ինչպես։ Արմենը, որ դեռ մեծ ճանաչում չի վայելում, ընդհակառակը, գիտի և՛ ինչի մասին պետք է գրել, և՛ ինչպես, սակայն նրան խանգարում են սոցիալիստական հասարակարգում տիրող արգելքները (օրինակ՝ Հոլոքոստից կարելի է խոսել, իսկ Հայոց ցեղասպանությունից՝ ոչ)։
Թե՛ Արմենը, թե՛ Ջիովանին առանձնանում են գրողներին հատուկ մի սարկազմով, որը գործի են դնում այն ժամանակ, երբ որևէ միտք չի կարելի արտահայտել բառացիորեն։ Այսպես, Ջիովանին գիշերային ակումբում ջազային ընտիր երաժշտության ներքո սևամորթ գեղեցկուհու մերկապարը տեսնելուց հետո կնոջն ասում է. «Կյանքը տանելի կլիներ, եթե չլիներ հաճույքը» (ի դեպ՝ այդ պարից նույն չափ ազդվում է նաև Արմենը՝ կինոէկրանին այն տեսնելով)։ Իսկ Արմենը, հերթական անգամ հիշելով Անտոնիոնիին, կեսկատակ-կեսլուրջ հարցնում է Եվա Օզերովային. «Էքզիստենցիալի՞զմն է լավ, թե՞ երեխան»։
…և նրանց կանայք
Արմենի ու Ջիովանիի միջև կա ևս մեկ ընդհանրական գիծ։ Երկուսն էլ թեև սիրում են իրենց օրինական կանանց, սակայն հաճույքով շփվում են գեղեցիկ արտաքինով ու խելացի այլ կանանց հետ։
Գիշերային ակումբից հետո Ջիովանին և Լիդիան գնում են մի մեծահարուստի տուն՝ խնջույքի։ Այդտեղ նրանց հարաբերությունների լարվածությունն էլ ավելի ակնհայտ է դառնում. գրեթե ամբողջ օրը միասին են անցկացրել, բայց յուրաքանչյուրն իրեն սաստիկ մենակ է զգում։ Խնջույքի ժամանակ Ջիովանին հանդիպում է Վալենտինային՝ մեծահարուստի աղջկան, և տարվում նրանով։ Վալենտինան ավելի երիտասարդ է, քան իր կինը, ավելի գեղեցիկ է, ոչ պակաս խելացի և նույնպես մենակ է իրեն զգում։ Գրեթե նույնը կարելի է ասել նաև «Խումհար»-ի Եվայի մասին, որ նույնպես շատ ավելի հմայիչ է, քան Արմենի կինը՝ Հասմիկը, և ակնհայտորեն համակրում է Արմենին, ինչպես Վալենտինան՝ Ջիովանիին։ Ընդհանրապես՝ Եվան ու Վալենտինան շատ նման են. մի կողմից՝ նրանք սիրահարված են խելացի, գրավիչ տղամարդկանց, բայց մյուս կողմից՝ այդ տղամարդիք ամուսնացած են, և նրանք չեն ցանկանում ընտանիքի կործանման պատճառ դառնալ։
Հետաքրքիր է, որ թե՛ Անտոնիոնին, թե՛ Մաթևոսյանը հատուկ ընդգծում են, որ Վալենտինան ու Եվան արտաքնապես ու շարժուձևով Ջիովանիին և Արմենին հիշեցնում են իրենց օրինական կանանց։ Այսպես՝ Վալենտինան ու Լիդիան տեղ-տեղ կարծես քույրեր լինեն՝ երկուսն էլ կարճ սանրվածքներով, նույնաձև կարճափեշ սև շրջազգեստներով: Իսկ «Խուհար»-ում Արմենը Եվայի մեջ անընդհատ տեսնում է Հասմիկին. «Դա Հասմիկի կեցվածքն էր… Նա ժպտաց Հասմիկի պես»։
Ի վերջո՝ մարդը մենա՞կ է, թե՞ ոչ
Սա է երկու ստեղծագործությունների գլխավոր հարցադրումը։
Խնջույքն ավարտվում է, և լուսաբացին Ջիովանին ու Լիդիան լքում են մեծահարուստի տունն ու քայլում դեպի մայրուղի տանող այգու միջով։ Կարծես թե իրար ասելու բան չունեն։ Բայց ահա Լիդիան սկսում է խոսել. իր համար օրն անտանելի էր, ինքը համոզված է՝ սերը մեռած է, հոգևոր ոչ մի կապ չկա իրենց միջև, ողջ օրվա ընթացքում ինքը միայն մեռնելու ցանկություն է ունեցել։ Ջիովանին ուշադիր լսում է կնոջը, մտորում և հասկանում, որ մինչ հիմա չի գիտակցել մի պարզ ճշմարտություն. «կյանքում պետք է ավելի հաճախ տալ, քան վերցնել, և որքան շատ ես տալիս, այնքան ավելի լավ, որովհետև վաղ թե ուշ դա քեզ նույնպես օգուտ է բերում»։ Նա որոշում է վերադառնալ դեպի սեր, դեպի ընտանիք։ Ֆիլմն ավարտվում է Ջիովանիի և Լիդիայի կրքոտ համբույրի տեսարանով։
Նույնը կատարվում է նաև Արմենի հետ` մոսկովյան «բարձրահարկերի և սառը մշուշի վրայով» նա մտովի իրեն գյուղ է քշում. «Ես մանրամասներ էի փնտրում, որպեսզի կառչեմ ու մնամ գյուղում։ Հասմիկը արդուկ էր անում, թեյամանը երգում էր, իմ կամ տղայիս մասին մտածելով՝ Հասմիկը ժպտում էր արդուկի սեղանի վրա…»:
Արմենը նույնպես հասկանում է, որ իրեն պետք է Հասմիկը, այլ ոչ թե Եվան, ինչպես Ջիովանիին պետք է Լիդիան և ոչ թե Վալենտինան։ Երկուսն էլ գիտակցում են, որ իրենց սերը դեռ մեռած չէ, և պետք է պայքարել դրա համար։ Որովհետև հենց սերն է մենակությունից խուսափելու ամենազորեղ միջոցը։ Եվ հենց սիրո լինել-չլինելով է որոշվում՝ մարդը կենդանի է, թե մեռյալ։
Հեղինակ՝ Սևակ Ղազարյան