Ինքնատիպ ձեռագրեր ու մանրանկարներ, խեժապատ կազմեր, կիրառական արվեստի նմուշներ, հրովարտակներ, բացառիկ լուսանկարներ․ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց Իրանի Ղաջարական շրջանի արվեստին նվիրված ցուցադրություն։ Ներկայացվում են Մատենադարանի ֆոնդերում պահվող նաև ցուցահանդեսի համադրող, արվեստաբան՝ Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուց ուշագրավ նմուշներ։
Մատենադարանում պահվում է 2730 արաբատառ ձեռագիր (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն)։ Արաբատառ հավաքածուի պարսկերեն 450 ձեռագրերից մոտ 150-ը Ղաջարական ժամանակաշրջանից են։
Ղաջարական թագավորությունը (1794-1925 թթ.) հիմնել է թյուրքական ղաջար ցեղի առաջնորդ Աղա Մուհամմեդ Խան Ղաջարը(1794-1797 թթ.)։ Նրա ու հաջորդների օրոք Եվրոպայի հետ ակտիվ հարաբերություննների հաստատման ազդեցությամբ, մեծ փոփոխություններ են լինում իրանական արվեստում։
Ղաջարական շրջանի արվեստը մասնագետները երկու փուլի են բաժանում․ առաջին փուլում նկարիչները գտնվում էին եվրոպական արվեստի մեծ ազդեցության տակ, գերիշխում են խայտաբղետ գույներն ու նոր պատկերամտածողությունը, սակայն նկարիչները ձգտում էին համադրել նորը ավանդականի հետ։ Երկրորդ փուլում արդեն ջրաներկին փոխարինելու եկան յուղաներկն ու հաստոցային կտավները։
Այդ շրջանի արվեստը կոչվում է «Արքունական», քանի որ հիմնական պատվիրատուն արքունիքն էր։ Տիրակալներն ու ազնվականներն էին թելադրում նաև ճաշակ ու ոճ։ Սա արտահայտվում էր հատկապես նկարներում առկա աշխարհիկ, բանահյուսական թեմաների ու մարդկանց կերպարների առկայությամբ։ Այս գործերը իհարկե դուրս չէին գալիս արքունիքից, քանի որ մարդկանց պատկերելը դեմ էր Իսլամի սկզբունքներին։
Մուհամմեդ շահ Ղաջարի օրոք՝ 1844 թվականին Իրան է մուտք գործում լուսանկարչությունը, որը մեծ զարգացում է գտնում այս շահի ու նրա հաջորդների օրոք։
Մատենադարանի Ղաջարական հավաքածուի մեջ հատուկ ուշադրության է արժանի հայկական թեմաներով մի խեժապատ կազմ։ Այստեղ պատկերված է հայոց պատմությունից հայտնի Ձիրավի ճակատամարտից մի տեսարան ու սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Նկարների աղբյուրը՝ Մատենադարանի Ղաջարական արվեստի նմուշները/կազմ․ Ի․Թաջարյան/, Երևան, Մատենադարան, 2021։