Ավետիք Իսահակյանը պաշտամունքի հասնող սեր ուներ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի նկատմամբ։ Այդ սերը ձևավորվել էր մանկության տարիներին, երբ պատանի Ավետիք առաջին անգամ ընթերցում է այդ հանճարեղ գործը։ Ընթերցումից ստացած իր տպավորություններն ու գրքի հետ կապված մի գողտրիկ պատմություն հետագայում մեծ բանաստեղծը ներկայացնում է իր հուշերում։ Ներկայացնում ենք այդ ներշնչող պատմությունը․
Շատ վաղ հասակից ծանոթ էր ինձ Խաչատուր Աբովյանի անունը։ Մայրս ցավելով պատմել էր, որ իմ աշխարհ գալուց տարիներ աոաջ, որոշ չէր հիշում՝ երբ, Ալեքպոլում ինչ-որ դեպքի կապակցությամբ ժանդարմական խուզարկություն է տեղի ունեցել հայ տներում և մերոնք երկյուղից վառել են Աբովյանի գիրքը՝ «Վերք Հայաստանին»։ Մենք, պատանի տղաներս, շատ բան էինք լսել մեր մեծերից Խ. Աբովյանի կյանքի մասին, լսել էինք, մղկտացել և վրեժով լցվել ռուս թագավորության դեմ, որը բռնել էր Աբովյանին, սև կառեթի մեջ դրել և տարել էր Սիբիր, մի զարհուրելի աշխարհ, որովհետև նա մեծ ազգասեր է եղել (այդպես էին կոչվում առաջ հայրենասերները) ժողովրդին գրգռել է ռուսաց թագավորի դեմ։
Պատմում էին, որ նա դեո ողջ է, Սիբիրի խորքերում տեսել են նրան, սաստիկ ծերացած, սպիտակ մորուքը մինչև գոտին, բայց դեռ կրակով ու կյանքով լի, թեև չի ասել իր ինքնության մասին, բայց ճանաչել են շատերը, և երբ հարց են տվել նրան, թե ե՞րբ պիտի դառնաս հայրենիք՝ նա պատասխանել է, թե դատապարտված եմ ցմահ մնալու Սիբիրում, թեև շատ ծերացել եմ, բայց մինչև չտեսնեմ Հայաստանի ազատությունը, չեմ մեռնելու։
Աբովյանը սրբազան սիմվոլ էր դարձել մեզ համար, հայ ժողովուրդն էլ դատապարտված է ստրկության, բայց չի մեռնում, նա պիտի տեսնի Հայաստանի ազատությունը։ Եվ կրակված երգում էինք Աղասու երգերը, որոնք շատ տարածված էին այն ժամանակ ժողովրդի մեջ՝ «Սար ու ձոր ընկած, մեկ չոր թփի տա կ», «Ա ՜խ , վաթան, վաթան, քո հողին ղուրբան»։ Սակայն «Վերք Հայաստանին» մեր ձեռքը չէր ընկնում, քաղաքում երեի շատ քչերն ունեին և խիստ պահում էին, արգելված գիրք էր համարվում։ Աբովյանը մեր հոգում նահատակի լուսապսակով էր զարդարված, ազգային նվիրական նահատակի, և խորհրդավոր էր իր «Վերք Հայաստանին», որին երազում էինք միայն և չէինք հավատում, թե երբևէ կարող ենք տեսնել այդ կախարդական, անմատույց գիրքը։ Ամառները ես միշտ գնում էի մեր գյուղը՝ Ղազարապատ, և գյուղի տերտերից երբեմն գրքեր էի վերցնում կարդալու. Էջմիածնում տպված գրքեր էին դրանք՝ պատմական, աշխարհագրական, այլև «Արարատ» ամսագիրը։
Հանկարծ, մի օր, նրա գրքերի դարակում տեսա մի լավ կազմած գիրք, նայեցի— և աչքերիս չհավատացի— «Վերք Հայաստանին»։ Հուզված թերթում եմ գիրքը— երկրորդ էջի վրա կարդում եմ. գիրքը նվեր է բժ. Գ. Քուշարյանից. որտեղի՞ց որտեղ։ Տերտերը բացատրում է.— շատ տարիներ առաջ այդ բժիշկը, որ շատ ազգասեր մարդ էր, ման էր գալիս մեր գավառում և քաջ Աղասու գիրքը նվիրում էր գյուղի վարժապետներին, որպեսզի կարդան և պատմեն ժողովրդին Աղասու քաջագործությունները։ Տարա տուն, կարդում եմ,— ասեմ, որ ես հազիվ 15 տարեկան էի այն ժամանակ,— հաց ու ջուր մոռացած կարդում եմ, հափշտակված, վերացած։ Միևնույն է՝ հասկանալով, չհասկանալով գնում եմ աոաջ, վերջացնում եմ գիրքը, գյուղի ընկերներիս պատմում եմ բովանդակությունը. նրանք խնդրում են, որ միասին կարդանք, մինչդեռ ես մտածում եմ գիրքը սեփականացնել։ Միջոցներ էի մտածում գիրքը ձեռք բերելու։ Վերջապես, ընկերներիս հետ գնացինք տերտերի մոտ. ես խնդրեցի նրան, որ գիրքը տա ինձ, նվիրե կամ ծախե, քանի որ ինքը կարդացել է, իսկ մենք ջահելներս ուզում ենք միշտ կարդալ. «Դեհ, ջահել մարդու գիրք է, տերտեր ջան»,— ուզում ենք համոզել նրան։
Խնդրում ենք, թախանձում, տերտերը համաձայնում է, ասում է ինձ. «Ձեր տանը աշխարհաբար լեզվով ավետարան եմ տեսել, էդ տուր Աղասու պատմության դիմացը, և էլ, – դիմում է գյուղացի տղոցը ,– մի սալա ձուկ կուտաք, մենակ խոշոր տեսակից»։
Գնացինք ձուկ որսացինք Ախուրյան գետից, և սալան լիքը ձկով բերինք, տվինք տերտերին, ավետարանն էլ հետը։ Թանկագին գիրքը մերն էր; Խմբով գնում էինք գյուղից դուրս, մեր հանդում որոշ տեղից պարզ երեում էին Անին, նրա պարիսպները, նստում էինք այնտեղ, երեսներս դեպի Անին, կարդում էինք գիրքը, նայում Անիին, և կարդում, կարդում... Ի՜նչ սրբազան պահեր, ի՜նչ աննկարագրելի ոգևորության։ Մենք չէինք ապրում այլևս ներկայի մեջ, իրական աշխարհում. երևակայության մեջ էինք սավառնում, հայ ժողովրդի փառապանծ անցյալի մեջ և խորհրդավոր, լուսավոր գալիքի հանդեպ։
Եվ երբեք մենք չզգացինք վերք ու ողբ, մենք չտխրեցինք, մենք չընկճվեցինք հայկական վշտով ու վերքով, թեև լցվեցինք վրիժառությամբ, այլ սակայն գերազանցապես վառվեցինք հայրենասիրությամբ, արիությամբ, հերոսությամբ, մենք թևավորվեցինք ապագայի շքեղ տեսիլներով։ Մենք տեսնում էինք Անին՝ վերակենդանացած, հոյակապ պարիսպներով, ներշնչող բուրգերով, զինվորներով, զորավարներով, սպարապետներով՝ սաղավարտներով, քաջ ժողովրդով՝ ազատ, անշղթա։ Մենք կենդանի տեսնում էինք քաջ Աղասուն՝ իր քաջ ընկերներով՝ Մոսին, Կարոն, մենք տեսնում էինք Աղասու կապուտակ ձին՝ վրնջալով, շառաչելով, դոփելով անցնում էր մեր մոտով, մեր վրայով, թռչում էր նա, սլանում էր նա, և փայլատակում էին նրա պայտերը, և փայլատակում էին ու զրնգում Աղասու զենքերը։