Թանգարանների այցելուները մեծ մասամբ երբեք չեն իմանում և չեն էլ մտածում, թե ինչ ճանապարհ է անցնում այս կամ այն ցուցանմուշը մինչ ցուցադրության հասնելը: Հատկապես հնությունների դեպքում, սա մի երկար չարչարանաց ճանապարհ է թանգարանների աշխատակիցների ու հատկապես վերականգնողների համար և այդ ճանապարհի առաջին քայլը՝ վերականգնումն է:
Հնավայրերում գտնված իրը կամ առարկան մեծ մասամբ վնասված է լինում, եթե խեցեղեն է կոտրված, եթե մետաղ է՝ կոռոզիայի ենթարկված, եթե ձեռագիր՝ այրված, խամրած, երբեմն պատառ-պատառ: Եվ վերականգնողները բժիշկների, երբեմն հրաշագործերի պես կարողանում են մեծ ջանքերի համապատասխան հմտությունների ու գիտելիքների, բայց առաջին հերթին մեծ հոգատարության ու իրենց աշխատանքի նկատմամբ սիրո շնորհիվ բժշկել, փրկել մշակութային արժեքը, պահպանել ու վերականգնել այն ու հասցնել թանգարան:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հոկտեմբերի 18-ին բացվեց և մինչ 2023 թ. հունիսի 30-ը կշարունակվի «Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» բացառիկ ցուցադրությունը: Ցուցահանդեսի համադրողն է Արա Հայթայանը, ծրագրի ղեկավարը՝ Գայանե Էլիազյանը: Առաջին անգամ մեկ հարկի տակ ու մեկ ցուցասրահում ներկայացվում են վերականգնված առարկաներ՝ Մատենադարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների, «Էրեբունի» թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից: Առաջին անգամ ուշադրության կենտրոնում ոչ թե հենց ցուցանմուշն է, այլ նրա վերականգնումն ու փրկությունը, ոչ թե առարկան, այլ մարդը՝ վերականգնողը։
Ձեռագիր ու գեղանկար, մետաղյա իրեր ու խեցեղեն, գորգ ու կտոր. ցուցադրվող առարկաներից յուրաքանչյուրն ունի փրկության իր պատմությունը, որը միաժամանակ այդ առարկաները վերականգնող մարդկանց կենսագրության մի դրվագ է:Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր հիմնարկներ ներկայացնող Հայաստանի լավագույն վերականգնողների աշխատանքի արդյունքին։
Այցելուները հնարավորություն ունեն տեսնելու նաև վերականգնման ընթացքում կիրառվող նյութերը, վերականգնողի գործիքները:
Ներկայացվող նմուշները թվագրվում են վաղ բրոնզեդարից միչև 20-րդ դարի կեսեր։Կան իրեր գտնված Մեծամորից և ստեղծված Մարտիրոս Սարյանի և այլ հայտնի նկարիչների վրձնով։
Փրկության յուրահատուկ պատմություն ունեն հատկապես ձեռագրերը: Օրինակ, Մատենադարանում պահվող 14-րդ դարի ասորերեն Ավետարանը վերականգնողներին՝ Արթուր Պետրոսյանին, Լիլիթ Բաչաչյանին և Արտավազդ Այվազյանին է հասել ձևախախտված ու այրված վիճակով, առանց կազմի ու տախտակների՝ խխունջակերպ, ինչպես ասում են վերականգնողները։
Ձեռագրի որոշ թերթեր նախկինում վերականգնվել են 10-րդ դարի մագաղաթյա մեկ այլ ձեռագրի կտորներով։
Մատենադարանի և Իրաքի Էրբիլ քաղաքի թվայնացման կենտրոնի ձեռագրերի օրինակների վրա նախապես կատարվել են ուսումնասիրություններ ասորական ձեռագրերի կազմարվեստի տեսակների վերաբերյալ, քանի որ այն տարբեր է հայկական ձեռագրերի կազմարվեստից: Ձեռագրագետների և վերականգնողների միացյալ ուժերով մշակվել է վերականգնման աշխատանքների ընդհանուր սկզբունքը։
Ձեռագիրը քանդվել, փոշեհանվել և ախտահանվել է Tinace tum Argyrofilum բույսից անջատված յուղի գոլորշիներով: Փոշեհանման արդյունքում ձեռագրից դուրս է եկել կես կգ փոշու և հողի զանգված։ Միկրոկենսաբանական հետազոտությունները սնկերի հետքեր չեն հայտնաբերել: Ուսումնասիրվել են թանաքները և թղթերը, արդյունքում պարզվել է, որ ձեռագիրը պատված է եղել մոմի բարակ շերտով, որը ծառայել է որպես պաշտպանիչ միջոց։
Ձեռագրի այն թերթերը, որոնք գրված են եղել լուծվող թանաքներով մաքրվել են չոր եղանակով փափուկ սպունգի և խոզանակի օգնությամբ, մնացած թերթերը լվացվել են թորած ջրով: Վերականգնումը կատարվել է երանգավորված ճապոնական թղթերով, որից հետո ձեռագրագետների հետ հստակեցվել են մամուլները։
Այնուհետև ձեռագիրը կարվել է ասորական ավանդական կարով: Քանի որ ձեռագրի կազմը բացակայել է, ուստի պատրաստվել են նոր տախտակներ, որոնց վրա սոսնձվել է նոր կաշին և աստառը։ Եզրահյուսը հյուսվել է ավանդական ասորական եղանակով:
Վերականգնումը տևել է շուրջ մեկ տարի:
Եվ փրկության այսպիսի դժվարին ճանապարհ են անցնում Մատենադարանում պահվող շատ ու շատ ձեռագրեր, մեր մյուս թանգարաններում հանգրվանած արժեքավոր առարկաներ, անգին գանձեր: Այս ճանապարհով են դրանք նոր կյանք ստանում և ժամանակին ընդառաջ պահպանում անցյալի մշակույթը՝ ընդդիմանալով այդ նույն ժամանակի կործանարար ազդեցությանը։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան