1944 թ․՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին է Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվում «Երկիր հայրենի» լիամետրաժ վավերագրական ֆիլմը (1945թ., ռեժ. Լ. Իսահակյան, Գ. Բալասանյան, Հ. Զարգարյան): Այս ֆիլմում էլ առաջին անգամ հնչում է սովետահայ բանաստեղծ Գեղամ Սարյանի Կարոտ բանաստեղծության բառերով կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի գրած հանրահայտ երգը, որը հետագայում կոչվեց Մարտիկի երգ․
Թռչեի՜ մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն,
Սպասում իր որդուն
Անհանգիստ ու անքուն:
Տեսնեի այն առուն,
Որ ամեն մի գարուն
Ջրերով վարարուն
Կարկաչում էր սարում:
Թեքվեի աղբյուրին,
Կարոտած պաղ ջրին,
Նրա զով համբույրին
Ու թավիշ մամուռին:
Լինեի հանդերում,
Ուր ծաղկունքն են բուրում,
Ուր մանուկ օրերում
Հովն էր ինձ համբուրում:
Ու հանդարտ, մեղմաբար
Հոտն իջներ սարից վար,
Գրկեի ես մի գառ,
Ու հոգիս մանկանար…
Բանաստեղծությունն ու երգը որոշակի բնագրային տարբերություններ ունեն։Թեև ընդհանուր ընկալման մեջ բանաստեղծության հերոսը ծառայության մեջ գտնվող զինվորն է, սակայն այս գործը կարելի է ընկալել նաև որպես ընդհանրապես հայրենիքի կարոտի երգ։ Մասնավորապես այդ երանգը կարող ենք տեսնել ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենի այս երգի կատարման մեջ։
Այլ կատարումներում, իհարկե, առաջին պլանում մորն ու հայրենի տունը կարոտող զինվորի ապրումներն են։