«Ես ծնվել եմ Երեւանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, եւ ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր»։
Գալյա Նովենց
«Մի օր ասեցի՝ Գալյա՛, քեզ նկարելու եմ «Մեր մանկության տանգոն» ֆիլմում։ Սցենարը ես եմ գրել, քեզ համար եմ ստեղծել էդ կերպարը, ռեակցիա չտվեց։ Մի օր էլ ասեցի՝ հա, վերջնականապես որոշեցի, Սոֆիկո Չիաուրելիին եմ հրավիրելու։ Գալյան հանգիստ նստած էր ու միանգամից՝ ես չե՞մ կարող խաղալ այդ դերը։ Դու կտեսնես, ոնց կխաղամ։ Ու ես հանգստացա, որովհետև այդ էի ուզում Գալյայից»,- պատմում էր Ալբերտ Մկրտչյանը։
1985 թվական, Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն: Մասնակցում էր 40 երկիր: Հեղինակավոր կինոփառատոնին Խորհրդային Միությունը մրցութային երկու ֆիլմ էր ներկայացրել՝ Վադիմ Աբդռաշիդովի «Մոլորակների շքահանդեսն» ու Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն»: Երկուսն էլ բարձր են գնահատվում, բայց «Մեր մանկության տանգոյի» ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը ծափահարում էր: Պատմում է «Կինո +» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը․
«Հայ դերասանական արվեստի պատմության ընթացքում Գալյա Նովենցը միակն էր, որ Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնում «Մեր մանկության տանգոն» ֆիլմում կանացի լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի։ Այդ օրերի իտալական մամուլը գրում էր, որ Հայաստանը իտալացիներին թվում է շատ նեապոլիտանական, իսկ խիզախ մոր կերպարը ստեղծած Գալյա Նովենցը հիշեցնում է Աննա Մանյանիին»,- պատմում է Ռոբերտ Մաթոսյանը։
Շատերն էին նրան համեմատում Աննա Մանյանիի հետ, բայց բոլորը չէ, որ համաձայն էին տարածված տեսակետին։ Համաձայն չէին նրանք, ովքեր չէին ուզում համեմատել Գալյա Նովենցին որևէ մեկի հետ։ «Գալյան իսկապես անկրկնելի էր, բացառիկ ամեն ինչով»,-գրում է Ռոբերտ Մաթոսյանն ու հիշում մի դրվագ Մինսկի կինոփառատոնից, որտեղ ևս կանացի լավագույն դերակատարման համար Գալյա Նովենցն արժանացել էր բարձր մրցանակի:
«Հենց բացման արարողության ժամանակ Գալյան անկյուն էր քաշվել։ Ինձ ասաց՝ վերջ, վաղվանից որևէ միջոցառման չեմ մասնակցի, մենակ դու ինձ կասես՝ ինչ է կատարվում։ Մեկ էլ արդյունքներն են ամփոփվում, ու Մինսկում հայտարարվում է, որ «Մեր մանկության տանգո» ֆիլմի գլխավոր դերակատար Գալյա Նովենցը արժանանում է լավագույն դերասանուհու համար սահմանված մրցանակին։ Դուք չեք պատկերացնում ՝ ինչ էր կատարվում․ բոլոր պճնված դերասան, դերասանուհիները թափվել էին նրա գլխին ու շնորհավորում էին։ Նա իր համեստությամբ ու ներքին տաղանդով բոլորին հաղթեց»,- նշում է Մաթսյանը։
Աղբյուրներ՝ https://hy.armradio.am,
https://hraparak.am,
hy.wikipedia.org