Բոլորս էլ թերևս լսել ենք «Թատրոնը սկսվում է կախիչից» արտահայտությունը, որն, իհարկե, այլ իմաստներ ևս ունի, բայց իրականում թատրոնի ներկայացման տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեն պաստառները կամ աֆիշները: Հանդիսատեսը աֆիշների միջոցով ոչ միայն տեղեկատվություն է ստանում թատրոնի խաղացանկի վերաբերյալ, այլ պատկերացում կազմում սպասվող կամ ընթացող ներկայացման բեմադրության առանձնահատկությունների, գաղափարական ու գեղագիտական ուղղվածության մասին: Լավագույն պաստառները արվեստի ինքատիպ գործեր են համարվում: Վերջին տարիներին նկատելի է հայկական թատերական պաստառների ձևավորման մեծ առաջընթաց ու բազմազանություն:
Պաստառների կարևորության գիտակցմամբ են թերևս պայմանավորված թատերական պաստառների ցուցադրությունները, դրանց ուսումնասիրությությունները, նույնիսկ փառատոնները: Սեպտեմբերի 28-30-ը Երևանում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում, թատրոնի և ԱԿՏ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ, առաջին անգամ Հայաստանում անցկացվում է Թատերական պաստառների միջազգային փառատոն:
Փառատոնի շրջանակում Սունդուկյան թատրոնի նախասրահում բացվեց աֆիշների ցուցադրություն: Միջազգային ժյուրին ծանոթացավ ներկայացվող նյութերին: Սեպտեմբերի 29-ին սպասվում են փառատոնի ժյուրիի անդամների դասախոսությունները.
«Բաթորիի գեղարվեստական աշխարհը»- Միշալ Բաթորի (Ֆրանսիա)
«Պաստառ. պատվերից հանդիսատես»- Էբրահիմ Հաղիղի (Իրան)
«Golden Bee բիենալեն և ժամանակակից պաստառների համաշխարհային միտումները» - Սերգեյ Սերով (Ռուսաստան)
(Վայրը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ՓՈՔՐ ԲԵՄ (մուտքը Գ. Լուսավորչի փողոցից)
Մրցութային ընտված նյութերի ցանկում են՝ թատերական պաստառներ Հայաստանից, Չինաստանից, Արգենտինայից, Կիպրոսից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից:
Հայ ձևավորողներից այս ցուցակում ներառված են Նվարդ Երկանյանի, Արմինե Շահբազյանի, Միկա Վաթինյանի աշխատանքները:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: