«Սիրելու արվեստը» հոգեբան, սոցիոլոգ Էրիխ Ֆրոմի 1956 թ․ լույս տեսած աշխատությունն է, որի վերնագիրը թեև հուշում է հիմնական թեման ու հետազոտության նյութը, սակայն իրականում գիրքն ավելի լայն ընդգրկում ունի։ Ֆրեյդիստական ու մարքսիստական սկզբունքներով վերլուծելով մարդկային հարաբերությունները, մասնավորապես սերը, հոգեբանը ուշագրավ եզրակացությունների է հանգում։ Հեղինակը սիրո վերլուծությանը մոտենում է սերը ներկայացնող բառերի ու հասկացությունների քննությամբ և անդրադառնում ոչ միայն տղամարդու և կնոջ հարաբերություններին, այլև ավելի լայն՝ սիրու ամենաբազմազան դրսևորումներին։ Art365-ը ներկայացնում է հատվածներ Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գրքից։
Սերը սկսում է դրսևորվել միայն այն ժամանակ, երբ մենք սիրում ենք նրանց, ում չենք կարող օգտագործել մեր նպատակների համար:
Որքան էլ, որ տարօրինակ է, սակայն մենակ մնալու ունակությունը սիրելու կարողության նախապայման է։
Ինչ-որ մեկին սիրելը պարզապես ուժեղ զգացմունքի արտահայտություն չէ․ սիրելը՝ վճռականություն է, խելացի ընտրություն և խոստում:
Սերը քանդում է այն պատը, որը մարդուն բաժանում է այլ մարդկանցից և միավորում նրան նրանց հետ. սերը ստիպում է մարդուն հաղթահարել մեկուսացման և օտարման զգացումը, թույլ տալով նրան մնալ իրեն հավատարիմ, պահպանել իր էության ամբողջականությունը: Սիրո պարադոքսն այն է, որ երկուսը դառնում են մեկ, մնալով երկուս:
Մեկը մյուսի նկատմամբ ինքնամոռաց ձգողականությունը ոչ թե սիրո ուժի ապացույց է, այլ վկայությունն է դրան նախորդած մենության անսահմանության:
Եթե ես իսկապես սիրում եմ ինչ-որ մեկին, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ աշխարհը, ես սիրում եմ կյանքը: Եթե ես կարողանամ ինչ-որ մեկին ասել «Ես սիրում եմ քեզ», ես պետք է կարողանամ ասել «Ես սիրում եմ քեզ առնչվող ամեն ինչ», «Ես սիրում եմ ամբողջ աշխարհը քո շնորհիվ, ես սիրում եմ ինձ քո մեջ»:
Եթե մարդու համար սիրել նշանակում է տիրապետել, նա ձգտում է իր սիրո առարկային զրկել ազատությունից և պահել վերահսկողության տակ։ Այդպիսի սերը կյանք չի պարգեւում, այլ ճնշում է, կործանում, խեղդում, սպանում ...
Երեխաների սիրելու սկզբունքն է՝ «Ես սիրում եմ, քանի որ ինձ սիրում են»։ Հասուն սիրո սկզբունքը՝ «Ինձ սիրում են, որովհետև ես սիրում եմ»: Ոչ հասուն սերն ասում է՝ «ես քեզ սիրում եմ, որովհետև քո կարիքն ունեմ»։ Հասուն սերն ասում է՝ «Ես քո կարիքն ունեմ, որովհետև ես սիրում եմ քեզ»:
Հավատ և արիություն է պահանջում ընկալումը, որ կյանքի դժվարությունները, անհաջողությունները և տառապանքները մարտահրավերներ են, որոնք մեզ դարձնում են ավելի ուժեղ, այլ ոչ թե, որ դրանք անարդար պատիժներ են, որոնց մենք արժանի չենք։
Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը հանգում է սիրված լինելուն, այլ ոչ թե սիրելուն կամ սիրել կարողանալուն։