Միջնադարյան բազմաշնորհ հայրապետի՝ Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը (1154 թ․) թերևս «Հայր մեր»-ից հետո ամենահայտնի ու տարածված աղոթքն է հավատացյալների շրջանում: Օրվա 24 ժամերին ասվելու համար նախատեսված, համապատասխան 24 տուն ունեցող այս զորավոր աղոթքը արդեն 15-րդ դարից ներմուծվել է Հայ առաքելական եկեղեցու ժամերգության մեջ, ապա նաև տեղ գտել ձեռագիր, ապա տպագիր Սաղմոսարաններում, Սուրբ Գիրգոր Նարեկացու «Մատեան...»-ից հատվածների ու Աստվածաշնչյան Դավիթ թագավորի սաղմոսների հետ միասին:
Այս աղոթքը՝ որպես պաշտպանիչ զորություն ունեցող հմայական բանաձև մեծ տարածում է գտել նաև հմայլիներում: Գալարաձև այս առարկաները՝ աղոթքներ, աղերսներ, հմայքներ, ժողովրդական դեղատոմսեր պարունակող ժողովածուներ էին, որոնք հմայիլի տերերը պահում էին իրենց մոտ ու ապավինում դրանց զորությանը: «Հաւատով խոստովանիմ»-ը հմայիլներում հանդիպում է Ներսես Շնորհալու մանրանկարի հետ միասին: «Հավատով խոստովանիմ»-ը՝ հայ հոգևոր գրականության գագաթներից մեկը, կրոնական ինքնության մասին հայտարարություն է, Հավատամք, համենայն դեպս, այդպես է ընկալվում։ Ըստ Ներսես Շնորհալու նախաբանի, ամեն հայ հավատացյալ, օրվա մեջ հինգ անգամ պետք է ասի աղոթքը, եթե ծուլանա, գոնե մեկ անգամ ասի, որպեսզի հիշի, որ քրիստոնյա է, Աստծու ստեղծած ու նրան հավատացող.
«Ապայ թէ պղերգ ոք լինիցի եւ ծուլանայ զհինգ աղաւթսն կատարել, աղաւթեսցէ չորս անգամ, կամ գ., կամ բ. եւ կամ մի անգամ յաւուրն, որ միայն ճանաչի, թէ քրիստոնեայ է, եւ զինքն ծանիցէ, թէ արարած է Աստուծոյ եւ երկրպագու նորա»
Աղոթք «Հավատով Խոստովանիմ»
Ա
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի,
անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ,
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Բ
Հավատով խոստովանում և երկըրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ
Երրորդություն և Մի Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի,
հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը և լուսաւորի՛ր միտքս`
աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները. և
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Գ
Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս
փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ
որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր
Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Դ
Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս
Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար
մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ,
հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ե
Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի
մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային
հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Զ
Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ
նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Է
Ամեն ինչ տեսնող Աստված, մեղանչեցի Քո առջև խորհրդով, խոսքով և գործով,
ջընջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կեանքի Գրքում. և ողորմի՛ր
Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ը
Գաղտնիքնե՛ր քննող, մեղա՜ Քեզ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն
շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ Ավազանի ծնունդից մինչև այսօր մեղանչել եմ
Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով. և
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Թ
Ամենախնա՛մ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դի’ր աչքերիս` ՝ այլևս անպատկառ
չնայելու, ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր, բերանիս՝ սուտ
չխոսելու, սրտիս՝ չարը չխորհելու, ձեռքերիս՝ անիրավություն չգործելու, և
ոտքերիս՝ անորենության ճանապարհով չգնալու, այլ ուղղի՛ր սրանց ընթացքը`
միշտ լինելու ըստ Քո պատվիրանների. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝
բազմամեղիս:
Ժ
Հուր կենդանի Քրիստո՛ս, Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ անձում, որպեսզի այրի իմ հոգու ախտերը և
սրբի իմ մտքի խիղճը, մաքրի իմ մարմնի մեղքերը և վառի Քո գիտության լույսն
իմ սրտում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԺԱ
Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջև
բարին խորհելու, խոսելու և գործելու: Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից,
խոսքերից և գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԺԲ
Բարիք կամեցող Տե՛ր կմարար, մի՛ թող ինձ իմ անձի կամքով գնալ, այլ
առաջնորդի՛ր ինձ միշտ լինել ըստ Քո բարեսեր կամքի. և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԺԳ
Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրո՛ւ իմ
սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու. և ողորմի՛ր
Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԺԴ
Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի
պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու
մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԺԵ
Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա գիշեր թե ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԺԶ
Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և
ինձ՝ բազմամեղիս:
ԺԷ
Մոլորյալներին դարձի՛ բերող, ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ
հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԺԸ
Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ
հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԺԹ
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ
գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ի
Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակի՛ հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԻԱ
Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանակորի՛ր իմ հոգու կոչման օրը ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ Օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԻԲ
Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԻԳ
Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին ինձ դեմ գործած
հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմութեյանը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
ԺԴ
Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝
բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս
Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ առաքյալների,
մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների,
կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սուրբերի. և Քեզ
անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս
հավիտենից. ամեն: