Վահագն Վիշապաքաղի հուշարձան
Վահագն Վիշապաքաղի արձանը իր պատմության ընթացքում հասցրել է լինենել քաղաքի 3 տարբեր վայրերում. հին հայկական դիցարանի ամպրոպի, պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի հուշարձանը 1969 թվականին տեղադրվել է նախկին Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ Հայաստանի նկարիչների միության շենքի հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։
2004 թվականի դեկտեմբերի 19-ին արձանը գտնում է իր վերջնական տեղը. վերականգնված և ներսից ամրացված արձանը տեղադրվում է Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ:
Վահագնի արձանը դրվագված պղնձից քանդակել է Կառլեն Նուրինջյանը: Այսօր 3,5 մետր բարձրությամբ ու 400 կգ. քաշով Վահագնը՝ վիշապին հաղթանակած, խրոխտ բազմած է Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկի հատվածում:
Ջրավաճառ տղան
Հին Երևանի ամենավառ խորհրդանիշներից մեկը՝ «Ջրավաճառ տղան» արձանը, որը նվիրված է նախկին Բուլվարի ջրավաճառ պատանիներին, հեղինակել են ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանը և քանդակագործ Հովհաննես Բեջանյանը: 2,2 մետրանոց պատանու բրոնզե ու բազալտե արձանը տեղադրվել է 1970 թվականի նոյեմբերին, Շահումյանի հրապարակում: 23 տարի այդ վայրում անխռով ապաստանելուց հետո՝ 1993 թվականի ապրիլին անհայտ անձինք պադվանդանից պոկում ու գողանում են քանդակը։ Որոշ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցների ջանքերով քանդակը վերադառնում է իր նախկին տեղը։ Միայն վերջերս՝ 2019 թվականին, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ տղան» արձանը տեղափոխվել և տեղադրվել է Երևանի Անգլիական այգում` Պեպոյի արձանի հարևանությամբ:
Հայկ Նահապետի արձան
Հայկ նահապետի արձանը, որն այժմ գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում՝ Գայի պողոտայի մոտ, միշտ չէ, որ այդտեղ է եղել: Քանդակը սկզբնապես՝ 1970 թվականին տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, այնուհետև, 5 տարի անց այն տեղափոխել են ներկայիս վայր: Տեղափոխությունից 3 տարի անց՝ արձանի պատկերն օգտագործվել է Հայփոստի 1997 թվականի 170 դրամ անվանական արժեքով նամականիշում։
3,5 մետրանոց հսկան քանդակված է կոփածո պղնձից: Հայ ժողովրդի անվանադիր նախնի և ռազմի գերագույն Աստված Հայկ Նահապետի արձանի հեղինակներն են քանդակագործ Կառլեն Նուրիջանյանն ու դրվագող Գասպար Գասպարյանը:
Ծաղկավաճառ ծերունի
Երևանյան մեկ այլ կոլորիտային կերպարի՝ Կարաբալայի արձանը նույնպես տեղահանվել ու տեղափոխվել է: Կարապետ անունով ծաղկավաճառի կերպարն անմահացրել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Այն տեղադրվել է 1995 թվականին Աբովյան փողոցի այն հատվածում, որտեղ այժմ Հյուսիսային պողոտան է։ Հետագայում, պողոտայի շինարարության հետ կապված, արձանը մի քանի անգամ տեղափոխվել է։ Սկզբում այն տեղակայվել է դիմացի մայթին, այնուհետև Տերյան փողոցի վրա, իսկ այժմ գտնվում է սկզբնական վայրից մի քանի մետր ներքև՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի պատի տակ:
Հեղինակ՝ Շուշան Մարուքի