«Երթամ քեզի համար խնձոր բերիմ» արտահայտությունը սոցիալական ցանցերում զավեշտի է վերածվել ու շատ տարածվել: Շատերը գիտեն, որ այդ արտահայտությունը Հենրիկ Մալյանի՝ 1980 թվականին նկարահանած «Կտոր մը երկինք» ֆիլմից է: Քչերին է հայտնի, որ ֆիլմի սցենարը ստեղծվել է հայ նշանավոր արձակագիր Վահան Թոթովենցի (1889-1938) «Բաց-կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա: Ե'վ ֆիլմը և' պատմվածքը պատմում են որբացած խարբերդցի երիտասարդ Թորիկի մասին, որին ճակատագիրը կամ Աստված երջանկության հնարավորություն է պարգևում: Թորիկը հասարակաց տանը ծանոթանում է գեղեցկուհի Անժելի հետ և դեմ գնալով բարոյականության մասին հասարակական պատկերացումներին` ամուսնանում նրա հետ: Վահան Թոթովենցը՝ իրեն բնորոշ հոգեբանական նրբությամբ ու զգացմունքայնությամբ ներկայացնում է փոքրիկ քաղաքի մարդկանց երեսպաշտությունը, չարակամությունն ու կեղծ բարեպաշտությունը: Թորիկի պահվածքը իսկական ապտակ էր քաղաքի բարքերին ու հասարակությանը: Պատահական չէ, որ Հենրիկ Մալյանի ֆիլմի ռուսերեն տարբերակը հենց այդ վերնագիրն ուներ: Պատմվածքը լույս է տեսել 1934թ. և նվիրված է հայ մեծ արձակագիր Ակսել Բակունցին։ Այդ շրջանի Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանը շատ է հավանել այս պատմվածքը և խոստովանել, որ Վ. Թոթովենցն այս պատմվածքով արդեն վարպետ է:
Հենրիկ Մալյանը մեծ վարպետությամբ, հիանալի սցենարի, առաջնակարգ դերասանական կազմի(Մհեր Մկրտչյան, Սոֆիկո Ճիաուրելի, Աշոտ Ադամյան, Գալինա Բելյաևա և այք) ու Տիգրան Մանսուրյանի հրաշալի երաժշտության համադրությամբ ստեղծել է մի գեղեցիկ ֆիլմ, որի յուրաքանչյուր դիտում գեղագիտական մեծ հաճույք է պարգևում:
Ներկայացնում ենք հատված պատմվածքից.
Բաց կապույտ ծաղիկներ
Թորիկը կանգնել էր սենյակի մեջտեղը և չի կարելի ասել, որ տեսնում էր որևէ բան։ Ամեն ինչ թվում էր մշուշում, քողարկված։ Նրա սիրտը ճնճղուկի նման թպրտում էր կրծքի վանդակի մեջ։
Մոտեցավ ոսկեգույն մազերով աղջիկը, բռնեց թևից, տարավ և նստեցրեց իր անկողնու վրա։ Ընկերը և դուռը բաց անող աղջիկը նստեցին մյուս անկողնու վրա։
Երբ Թորիկը նստեց աղջկա անկողնին, նրան թվաց, որ թռավ սպիտակ ամպի մի կույտի վրա։ Աղջիկը բարձրացավ, նստեց Թորիկի ծնկներին։
Թորիկը չիմացավ, թե ինչպես գրկեց ոսկեգույն մազերով աղջկա մեջքը և սեղմեց։
Առաջին անգամն էր, որ Թորիկն այդքան մոտիկից էր հպում մի կնոջ, առաջին անգամն էր, որ մի կնոջ շունչը դիպչում էր իր երեսին, առաջին անգամն էր, որ կնոջ յուրահատուկ բուրմունքը խռովում էր նրա ռնգունքները։ Այդ բուրմունքն ավելի թարմ էր, քան փշենու դեղին ծաղիկի բուրմունքը։ Պինդ, կոպիտ թևերով գրկած աղջկա մեջքը՝ նա ուզում էր ասել, որ «ես քըզը կը սիրիմ», բայց նախադասությունը խեղդվեց կոկորդում և փոխանակ այդ ասելու, ասաց.
— Խնձոր կսիրի՞ս։
— Այո, կսիրեմ։
— Երթամ քըզի համար խնձոր բերիմ,— անկեղծորեն և ջերմությամբ առաջարկեց Թորիկը։
— Ոչ, ոչ, հարկավոր չէ,— կտրեց աղջիկը։
— Չէ, երթամ բերիմ։
— Կերթաս և ալ չես գար։
— Ալ չեմ գա՞ր, աշխըրքի որ ծարն ըլ երթաս, ետևեդ կուգամ,— սրտաբուխ բացականչեց Թորիկը։
Աղջիկը խորապես հավատաց նրան։ Նրա խոսքերի մեջ կար և՛ պարզություն, և՛ խորություն։
— Կը հավատա՞ս,— հարցրեց Թորիկը։
— Կը հավատամ,— պատասխանեց աղջիկը և փաթաթվեց Թորիկին։
Թորիկը համբուրեց նրան։
Այս համբույրը հրդեհեց Թորիկին, այրվում էր նրա մարմնի ամեն մի մասնիկը։ Ուզում էր խոսել, սրտումը շատ բան կար դուրս թափելու, բայց լեզուն սայթաքում էր, նայում էր աղջկան, նրա նվաղկոտ, կապույտ աչքերին, կարմիր ներկած շրթներին, ոսկեգույն ծամերին և խելահեղ սեղմում էր նրա մեջքը։
— Ծո՛, Թորի՛կ, ինտո՞ր է,— հանկարծ հարցրեց ընկերը։
— Ալ մի հարցներ,— պատասխանեց Թորիկը և նորից համբուրեց աղջկան։
Ընկերը և մյուս աղջիկը կոպիտ ծիծաղեցին։ Թորիկը սրտնեղեց.
— Ինչո՞ւ կը ծծղաք, աստծու աղջկան հետ չեմ փոխեր էս աղջիկը։
— Աստծու աղջիկը ո՞վ է, ծո,— հեգնեց ընկերը։
Թորիկը չպատասխանեց և դարձավ աղջկան։ Աղջիկը ժպտաց։ Այդ ժպիտում կար և՛ հաճոյակատարություն, և՛ հեգնություն։ Ուրիշներն էլ, մոտավորապես, այդպես էին ասում։ Բայց Թորիկը նայում էր նրան այրվող աչքերով, շրթունքները դողում էին, ուզում էր մի բան ասել, բայց չէր կարողանում։
Երկար լռությունից հետո՝ Թորիկը շշնջաց աղջկան.
— Անունդ ի՞նչ է։
— Անժել։
— Անժե՞լ։
— Այո։
Թորիկն այսպիսի անուն չէր լսել։
— Աղեկ չի լսեցի,— շշնջաց նա։
— Անժել։
Թորիկի զարմացումն զգալի եղավ աղջկան, նա կարծեց, որ Թորիկը չհավատաց իր ասածին։
— Գիտե՞ս ի՛նչ ըսել է Անժել։
— Հի՛, հի՛, հի,— ծիծաղեց Թորիկը,— հեչ չեմ լսեր։
— Անժել հրեշտակ ըսել է։
— Հրեշտա՞կ։
— Այո։
— Շիտակ է, թամամ հրեշտակ ես, հիմա հավտացի։
— Ես սուտ չեմ խոսիր։
— Չէ, յավրուս, չէ, հրեշտակները սուտ չեն խոսիր։
Անժելը սեղմվեց Թորիկին։
— Գնամ քըզի համար բան֊ման բերիմ, ուտես,— նորից առաջարկեց Թորիկը։
— Ոչ, ոչ։
— Չէ, տի բերիմ,— պնդեց Թորիկը։
— Ոչ, ուրիշ անգամ։
— Ուրիշ անգա՞մ, ալ ի՞նչ ուրիշ անգամ, ես քըզի տի տանիմ մեր տունը։
— Ձեր տո՞ւնը, ինչո՞ւ։
— Կուզիմ քըզի էս ճամփայեն հանել, մեղք չե՞ս, որ բոզ մնաս։
Այդ բառից վայրկենական լցվեցին Անժելի կապույտ և նվաղկոտ աչքերը ջինջ արցունքով։
— Աղջկան ինչո՞ւ լացցնես, ծո,— կշտամբեց ընկերը։
— Դուն քու քիթդ մի խոթեր էս բանին մեջ,— սաստեց Թորիկը նրան և դառնալով Անժելին՝ շշնջաց.— մի լար, հրեշտակս, քեզի տանիմ տուն, խանըմի պես պահիմ։
Անժելն զգաց այս կոպիտ ոսկորներով մարդու անկեղծությունը և զգացումի նրբությունը, փաթաթվեց նրա վզով ջերմությամբ և գորովանքով։
Թորիկը շոյեց նրա թշերը։ Թորիկի ձեռքերը Անժելի թշերի վրա թողնում էին կարծր խոզանակի տպավորություն, բայց սիրտը թրթռում էր այդ շոյումից։
— Տունին մեջը մորքոր մի ունիմ, ուրիշ մարդ չունիմ,— շշնջաց Թորիկը։
— Իսկ եթե մորաքույրդ չուզե,— տարակուսեց աղջիկը։
— Բերնի՞ն է ընկեր,— հպարտությամբ պատասխանեց Թորիկը և շարունակեց,— տունն իմս է, ունեցածդ չունեցածդ ժողվռտե, երթանք տուն։
— Թող մնա առավոտյան։
— Չէ, էս գիշեր տիտանիմ, ալ չեմ ուզեր, որ էստեղ մնաս։
Աղջկան պաշարեց տարակուսանքը։ Ո՞ւր գնար անծանոթ մի մարդու հետ, թերևս տաներ, չարչարեր մինչև լույս և հետո բաց թողներ…
— Ձեր տունն ո՞ւր է,— հարցրեց Անժելը, որպեսզի մի կերպ կասեցնի իր ուղեղը խուժող մտքերը։
— Մենծ աղբիրը գիտե՞ս, աղբրին դեմն է։
— Առավոտ երթանք։
— Չէ, հիմա, ելիր ժողվռտե։
― Մորաքրոջդ նեղություն կըլլա գիշերը։
— Թուրիկ մորքորս քեզ տեսնա, կխենթանա, հայդե, երթանք։
Անժելը չպատասխանեց, չէր կարող վանել տարակուսանքի ալիքներն ուղեղից, թեև սրտում ոչ մի վախ չկար։
— Կուզես նը՝ էս գիշեր մորքորիս ծոցը պառկիր,— առաջարկեց Թոիկը,— առտուն ըլ, կանուխ, կերթանք տերտերին, կպսակվինք։
Անժելը վայրկենապես վեր կացավ, մահճակալի տակից քաշեց պայուսակը, մի քանի ճերմակեղեններ դրեց մեջը, վրան քաշեց երկար վերարկուն և դրեց գլխարկը։
— Քա, ո՞ւր,— հարցրեց մյուս աղջիկը։
Անժելի փոխարեն Թորիկը պատասխանեց։
— Մեր տունը։
Աղջիկը և ընկերն ապշեցին։
— Ի՞նչ ապուշ֊ապուշ կնայիք, կնիկս է։
Անժելը, երբ լսեց այդ համարձակ ու անկեղծ հայտարարությունը, բռնեց նրա թևը և գլուխը դրեց նրա կրծքին։
Թորիկը գրկեց նրան, բարձրացրեց և ասաց.
— Հրեշտա՛կս, թռիր։
Անժելը վերջին անգամ մոտեցավ քնած ընկերուհուն և համբուրեց նրան։ Աղջիկը ընդոստ մոտեցավ, կարծելով, որ իր համար էլ հաճախորդ է եկել, բայց երբ տեսավ Անժելին արդեն գլխարկով և վերարկուով, զարմացավ։
— Ո՞ւր կերթաս։
— Մեր տունը,— պատասխանեց Թորիկը և վերցրեց Անժելի պայուսակը։
Անժելը համբուրվեց և մյուս աղջկա հետ։
— Եկուր, մեզի տես,— ասաց նա։
— Չէ, ալ հոս չի գար, աֆ կընես,— պատասխանեց Թորիկը։
Փողոցի մթնում Անժելը սեղմվեց Թորիկին և հարցրեց.
— Ուղիղ ձեր տո՞ւնը պիտի երթանք։
— Ըսե՝ մեր տունը։
— Մեր տունը,— կրկնեց Անժելը և ձեռքը տարավ կրծքին։
Նրա սիրտը դուրս էր թռչում։ Նորից բոլորովին հակադիր զգացումներ պաշարեցին նրան՝ ուրախություն և մի տեսակ վախ, որ առաջ էր գալիս անորոշ և անծանոթ դրությունից։
— Ոչ, այս կոպիտ, անտաշ մարդն ինձ չի խաբեր,— կրկնեց Անժելը մտքում և քայլեց կպած Թորիկին։
— Խոնջենաս նե՝ ըսե, քըզի դնիմ ուսիս վրա, տանիմ մինչև տուն։
— Չէ, չեմ հոգնի,— պատասխանեց Անժելը։
Երկինքն ավելի էր ցածրացել, աստղերը կարծես թափվում էին աչքերի մեջ. Թորիկին թվաց, որ փշենիների ծաղիկների բույրը Անժելի բույրն էր՝ թարմ ու խռովիչ։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Վահան Թոթովենց, Բաց-կապույտ ծաղիկներ