Ձեզ ենք ներկայացնում «Զանգակ» հրատարակչության՝ վերջին եռամսյակի 10 ամենավաճառված գրքերի ցանկը:
10. Աստղեր նվիրողը
Ջոջո Մոյես
Անգլիայի իր միապաղաղ կյանքից խուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։
9. Ես մինչև քեզ
Ջոջո Մոյես
Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:
8. Գիտելիքի հնագիտությունը
Միշել Ֆուկո
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատությունը հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական մի ազդեցիկ ուղեցույց է: Գիտելիքի առաջանալը գրքում դիտարկվում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։
7․ Հուզական ինտելեկտ: Ինչու է այն ավելի կարևոր, քան IQ–ն
Դանիել Գոուլման
«Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ։
6․ Օդապարուկ թռցնողը
Խալեդ Հոսեյնի
Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:
5․ Հազար չքնաղ արևներ
Խալեդ Հոսեյնի
2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:
4․ Ուտել, աղոթել, սիրել: Մի կնոջ փնտրտուքը Իտալիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում
Էլիզաբեթ Գիլբերթ
Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում ։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։
3․ Երեկվա աշխարհը: Եվրոպացու հուշեր
Ստեֆան Ցվայգ
«Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» ստեղծագործությունը ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձ, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։ Այս գիրքը ներկայացնում է ժամանակաշրջանի վավերական պատկերը՝ պատմական անձերով և եղելություններով՝ դիտված մեծ գրողի քննական հայացքով, գիտական օբյեկտիվության հասնող մեկնությամբ։ «Երեկվա աշխարհը» յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ արտացոլված է Եվրոպայի կյանքը՝ իր բոլոր շերտերով։
2․ Մտածի՛ր և հարստացի՛ր
Նապոլեոն Հիլ
Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
Նախատեսված է ընթերցող լայն շրջանի համար:
1․ Մեծն Գեթսբի
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը: