Օգոստոսի 22-ին իր ծննդյան օրն է նշում է քանդակագործ Դավիթ Երևանցին: Երկար տարիներ Ֆրանսիայում ապրող ու ստեղծագործող քանդակագործը առավել հայտնի է Փարիզում տեղադրված Կոմիտասի և Երևանում տեղադրված Վիլյամ Սարոյանի քանդակներով: Ավելի քիչ են հայտնի վարպետի Երևանում տեղադրված երեք այլ՝ կանանց քանդակները, որոնք էլ ներկայացնում ենք քանդակագործի ծննդյան օրվա առիթով:
Կին
Մաշտոցի պողատայում, Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից ոչ հեռու է 1986 թ. տեղադրվել «Կին» անունով քանդակը: Իր կառուցվածքով ու գեղարվեստական ոճի առանձնահատկություններով այն հիշեցնում է Դավիթ Երևանցու մյուս քանդակները: Կինը սլացիկ հասակ ունի, ընդգծված դիմագծեր ու կեցվածք: Հիշեցնում է պարուհու կամ հին աստվածուհի, քանի որ գլխարկ կամ թագ է կրում:
Ղարաբաղցի կինը
Կարապի լճի և Օպերայի շենքի հարևանությամբ 1988 թ. տեղադրվել է «Ղարաբաղցի կինը» քանդակը: Այն ձուլվել է բրոնզից 1986 թ. , սակայն երկու տարի իշխանությունները թույլ չեն տվել տեղադրել: Պատկերված կնոջ նախատիպը՝ շուշեցի պարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանն է: Արձանի ձեռքերը կարծես միացած են աղոթքի համար:Հագուստը ծալքերով է, որոնք կարծես ալիքվում են քամու հարվածներից:
Վարք հավերժության
Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկին 2012 թ. տեղադրվել է հայկական ամենամեծ ձեռագրի՝ «Մշո Ճառընտիրի» փրկության պատմությունը մարմնավորող երկու կանանց քանդակը: Այդ կանայք Մեծ Եղեռնի օրերին երկու մասի բաժանած 27,5 կգ. քաշով ձեռագիրը Մուշից դուրս են բերում և փրկում: Այն բրոնզից է և նվիրված է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանն ու Հայ գրատպության 500-ամյակին: