Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ 2 եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը: 3 Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ:
Մատթ.17.1-13
Սուրբ Գրիգոր Նարեկացու ամենահայտնի՝ Վարդավառի տաղը, նվիրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությանը։ Այս տոնը հիշատակությունն է կտակարանային այն դրվագի, երբ Փրկիչ պատվում է լուսավոր ամպով, աշակերտներին երևում այլակերպված-պայծառացած, և բացահայտվում է նրա աստվածային էությունը։ Այս խորհրդավոր իրադարձությունը Գրիգոր Նարեկացու հանճարի ուժով, թերևս նաև տեսիլքով ու վերերկրյա ներշնչումով, տաղում վերածվում է համատիեզերական մի հրաշալի երևույթի։ Բանաստեղծը տոնի յուրօրինակ ու առինքնող ներկայացման մեջ միահյուսում է Պայծառակերպության կտակարանային խորհուրդն ու ժողովրդական հնագույն ընկալումները, դրանք դրվագելով բնության՝ երկրայինի ու երկնային մարմինների խորհրդավոր պատկերների յուրահատուկ համադրությամբ։ Եթե նույնիսկ չընկալենք տոնի հոգևոր խորհուրդները, այս տաղը ընթերցողին կհմայի ու կներշնչի իր լեզվով, գեղարվեստական պատկերներով ու միջոցներով, դրանց հմուտ օգտագործմամբ ստեղծված մեղեդայնությամբ։ Վայելե՛նք։
Պայծառակերպության սկզբնաթերթ, Հեթումի ճաշոց, Կիլիկիա, 1286, գրիչ ու ծաղկող անհայտ։
Տաղ Վարդավառին
Գոհար Վարդըն վառ առեալ
ի վեհից վարսիցն Արփենից,
ի վեր` ի վերայ վարսից,
ծաւալէր Ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պըղպըջէր գոյնն այն Ծաղկին,
երփին, երփնունակ Ծաղկին
շողշողէր Պըտուղն ի Ճըղին:
Քըրքում վակասիր Պըտուղն
սընանէր խուռըն տերեւով.
տերեւըն` տաւիղ Տուողին,
զոր երգէր Դաւիթ հրաշալին։
Ի փունջ խուռներամ Վարդից
գոյնըզգոյն ծաղկունք ծաղկեցան,
այդ սoս ու տօսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին։
Այդ նոճ ու բողբոջ Ասրօսդ
զարդ առեալ Վարդըն Շուշանին․
Շուշանն շողէր հովտին,
շողշողէր դէմ Արեգականն:
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար Շուշանին
յայն հարաւային լեռնէն
քաղցր Օդով ցօղէր Շուշանին:
Շուշանըն շաղով լըցեալ,
շող շաղով եւ շար մարգարտով
ծաղկունքդ ամէն շաղ առին․
շաղն` յԱմպէն, Ամպն՝ յԱրեգակնէն։
Աստղունքդ ամէն շուրջ առին,
դէմ Լուսնին գունդ գունդ բոլորին
գունդ գունդ խաչաձեւ գընդակ՝
յօրինուած երկնից շըրջանակ։
Փա՛ռք Հօր եւ Որդւոյն յաւէտ,
Սուրբ Հոգւոյն՝ այժմ եւ յաւիտեան։
Ավետարան, 14 դ., Սյունիք, ծաղկող Գրիգոր, Մատենադարան
Վերծանություն
Գոհարափայլ Վարդը լուսավառուեց Արփիի վեհ ճառագայթներից, վերևում` ճառագայթների վրայ, ծաւալում էր Ծաղիկը ծովային:
Համարարած ծովից փողփողում էր գոյնն այն Ծաղկի:
Գունեղ, գունագեղ Ծաղկի Պտուղը շողշողում էր ճիւղին:
Քրքում հասունացող (վակասիր) Պտուղը սնւում էր խուռն տերեւով, տերեւը Տուողի (Աստծոյ) տաւիղն է, որով երգում էր հրաշալի Դաւիթը:
Խուռն Վարդի փնջից գոյնզգոյն ծաղիկներ ծաղկեցին, այդ բարձր եւ ամուր (uou եւ տօսախ) ծառերը վարդագոյն ոստեր արձակեցին։
Այդ դալար եւ բողբոջած Ճիւղը (Ասրօսն) զարդարեց Վարդ-Շուշանին, Շուշանը շողում էր հովտում, շողշողում էր Արեգակի դէմ:
Այն հիւսիսային հողմից քամահարուեց գոհարափայլ Շուշանը, այն հարաւային լեռից մեղմ Օդով էր ցօղւում Շուշանը։
Շուշանը շաղով լցուեց, ցօղ շաղով եւ մարգարտաշարով։
Բոլոր այդ ծաղիկները շաղով լցուեցին, շաղը Ամպից է, Ամպը՝ Արեգակից:
Բոլոր այդ աստղերը շրջան կազմեցին, Լուսնի դէմ գունդ-գունդ խմբուեցին․ կազմեցին խաչաձեւ բոլորակ` իբրեւ երկնքի շրջանակ։
Փա՛ռք Հօրը եւ Որդուն յաւէտ, Սուրբ Հոգուն` այժմ եւ յաւիտեան։
«Մուղնիի Ավետարան», 11 դ., ընդօրինակող ու ծաղկող՝ Հովհաննես Սանդղկավանեցի, Մատենադարան
Տաղի մեկնաբանությունը
Գոհարափայլ Վարդ-Քրիստոսը լուսավառվեց Արփի-Հայր Աստծո ճառագայթներից, որոնց վրա բացվեց աստվածային սիրո ծովի Ծաղիկ-Քրիստոսը: Համատարած սիրո ծովից փողփողում էր գույնը Ծաղիկ-Քրիստոսի, որպես հասունացող Քրքում-Պտուղ, որ շողշողում էր Ճյուղի վրա՝ Աստվածամոր գրկում:
Պտուղը սնվում էր խուռն տերեւով` աստվածային օրհներգությամբ, ինչպես աստվածատուր տավիղով, որով սաղմոսերգում էր Դավիթ մարգարեն:
Վարդ-Քրիստոսից ծաղկեցին ծաղիկ-առաքյալները: Նրանք կենաց Ծառ- Քրիստոսից ընձյուղված ծառեր են, որոնք արձակեցին վարդագույն ոստեր՝ իրենց իսկ արյամբ ներկված մարտիրոսներին։ Շիտակ եւ բողբոջած Ճյուղ-Ասրոս-Աստվածածինը զարդարեց Վարդ եւ Շուշան-Քրիստոսին, որ շողում էր հովտում (երկրում), շողշողում Արեգակ-
Հայր Աստծո դեմ:
Հյուսիսային-սատանայական հողմից քամահարվեց գոհարափայլ Շուշան-Քրիստոսը, Սուրբ Հոգու ջերմությունը կրող հարավային լեռից Օդ-Հայր Աստված ցողում էր Շուշան-Քրիստոսին, որը լցվեց աստուածային սիրո մարգարտանման ցող-շաղով։ Նույն այդ սիրո շաղով լցվեցին նաեւ ծաղիկ-առաքյալները: Շաղը Արեգակ-Հայր Աստծո ծոg-Ամպից էր։
Աստղ-առաքյալները շրջան կազմեցին, Լուսին-Աստուածածնի շուրջ խմբվեցին եւ ստեղծեցին խաչաձեւ երկնային շրջանակ:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Տաղի վերծանության ու մեկնաբանության աղբյուրը՝ Հենրիկ Բախչինյան, Գրիգոր Նարեկացու Գանձարանը, Երևան, 2016:
Նկարների աղբյուրը՝ Հայկական մանրանկարչություն.Մատենադարան, ալբոմ, Երևան, 2018։