Քրիստոնեկան եկեղեցիները սեպտեմբերի 8-ին նշում են Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը։ Ըստ Տիրամոր ծննդյան պատմության, որը փոխանցվել է եկեղեցու սրբազան ավանդությամբ, Աննան և Հովակիմը բարեպաշտ մարդիկ էին սակայն երեխա չէին ունենում։ Աննայի հարատև աղոթքներին ի պատասխան Աստված ուղարկում է Գաբրիել Հրեշտակապետին, որն ավետում է, որ նրանք դուստր կունենան և կանվանեն Մարիամ։ Այդ ծնունդը օրհնություն ու տոն կլինի բոլոր ժողովուրդների համար, քանի որ Մարիամի միջոցով ամբողջ աշխարհին փրկություն կշնորհվի: Երբ ծնվում է Մարիամը, երեք տարի պահելուց հետո, ծնողները նրան, ինչպես և ուխտել էին տանում են Երուսաղեմի տաճար ու ընծայում Տիրոջը։ Ամենաօրհնյալ կույսն ու հավատավորների բարեխոսը բոլոր ժամանակներում քրիստոնյաների համար ամենապաշտալի սուրբն է նաև արվեստագետների ներշնչման աղբյուր։ Տիրամորը ձոնվել են բանաստեղծություններ ու տաղեր, նա պատկերվել է գեղանկարներում ու քանդակներում։ Հայ միջնադարյան տաղերգության մեջ նաև պոեզիայում Տիրամոր կերպարին շատ անդրադարձներ կան, որոնցից ամենահայտնին թերևս Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մեղեդի Ծննդյան» կամ «Աստվածածնի» տաղն է։ Art365-ը ներկայացնում է տաղը՝ բնագրով ու աշխարհաբար թարգմանությամբ՝ Լուսինե Զաքարյանի անզուգական կատարման ուղեկցությամբ։
Տիցիան, Մարիամի ընծայումը տաճարին, 1538
Մեղեդի Ծննդեան
Աչքն ծո՜վ ի ծո՜վ ծիծաղախիտ ծաւալանայր յառաւաւտուն՝
Երկու փայլակնաձեւ արեգական նման․
Շողն ի ժմին իջեալ յառաւաւտէ լոյս։
Վարսիցն երամից զարդ, երամից զարդ
Ոլորս են առեալ եռահիւսակն բոլորեալ զայտիւք։
Յայտէն նռնենի գեղաշիտակ ծայրից ծաղկանց․
Որոյ սիւնն ի սրտին նուսխայաւրէն կարկաջայր։
Ձեռացն եղիշոյ կամարակապ կապէր․
Ատիճա՜ղ-պատիճա՜ղ ստղի-խտղի երգով․
Հոսէր զելեւելսն ընդ միմեանս․
Հանդարտիկ խաղայր, թէկնիթեկին ճեմէր։
Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
Լեզուին շարժողին քաղցրերգանայր տաւիղն։
Ծոցն լուսափայլ կարմիր վարդով լցեալ։
Ծղիքն ծիրանի՝ մանուշակի հոյլք.
Խնկեալ ի կնդրկէ բուրուառ՝ հրով աստուածայնով լցեալ,
Ձայն քաղցրանուագ, որ ի նմանէ հնչէր։
Գեղեցիկ պատմուճանաւն զարդարեալ էր,
Ի կապուտոյ, ի ծիրանոյ, ի բեհեզոյ, ի յորդանէ, ոսկեշողէր գոյնն։
Գաւտին՝ արծաթափայլ, ոսկէտտուն, կամարակապ յականց,
Յականց շափիւղայ մանրամասին յօրինուածով պճնեալ։
Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղովն,
Ոտիցն ի գնալ՝ լոյսն ի կաթիլ առնոյր։
Այն թագաւորին, այն նորածին փրկչին,
Զքեզ պսակողին՝ փա՜ռք յաւիտեանս. ամէն։
Ռաֆայել Սանտի, Սիքստինյան Տիրամայր, 1514
Մեղեդի ծննդյան
Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ՝
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թեւերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելեւէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:
Քեզ պսակող թագավորին
Ու նորածին այն փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն:
Լուսինե Զաքարյան, Աչքն ծով ի ծով