Մի օր երկու հարևան գյուղացիներից մեկի այգի անսպասելիորեն մի ձի է հայտնվում: Գյուղացու հարևանը վազելով գալիս է նրա մոտ և բացականչում.
- Ի՜նչ բախտավոր ես: Ձի է հայտնվել ու հենց քո այգին մտել։
Գյուղացին նայում է հեռու հորիզոնին ու ասում․
- Ո՞վ գիտի, թե ինչն է լավ, ինչը՝ վատ:
Հաջորդ օրը առավոտյան գյուղացին արթնանում ու նկատում է, որ ձին փախել է գոմից՝ կոտրելով ցանկապատը։ Հարևանն անմիջապես ներս է վազում ու բացականչում.
- Ի՜նչ դժբախտություն․․․ Ձին, որ քոնն էր, էլ չկա:
Մարդը, դարձյալ առանց տրամադրության որևէ վայրիվերումի, պատասխանում է.
- Ո՞վ գիտի, թե ինչն է լավ, ինչը՝ վատ:
Հաջորդ առավոտյան ձին կրկին հայտնվում է դաշտում՝ հետը ևս չորս ձի բերելով: Հերթական անգամ հարևանը շտապում է մեկնաբանություն տալ կատարվածին․
- Ի՜նչ բախտավոր ես։ Երեկ մեկ ձի ունեիր, այսօր՝ հինգ։
Իմաստուն գյուղացին նույն պատասխանն է տալիս․
- Ո՞վ գիտի, թե ինչն է լավ, ինչը՝ վատ:
Հաջորդ օրը գյուղացու որդին ձիավարության ժամանակ ընկնում է ձիերից մեկի վրայից և կոտրում ոտքը։
- Ի՜նչ ցավալի է, ի՜նչ վատ բան է պատահել - ասում է հարևանն այս անգամ՝ լսելով նույն պատասխանը․
- Ո՞վ գիտի, թե ինչն է լավ, ինչը՝ վատ:
Հաջորդ օրը պատերազմ է սկսվում։ Բոլոր երիտասարդներին զորակոչում են՝ բացի գյուղացու որդուց, որը ոտքը կոտրել էր։
Հարևանը վազելով գալիս է ձիերին խնամող գյուղացու մոտ և բացականչում․
- Տղայիս տարան, բայց քոնը կոտրել է ոտքը և ի՜նչ լավ է, որ․․․
Այս անգամ էլ ու հաջորդիվ բոլոր դեպքերում համբերատար մարդը նույն պատասխանն է տալիս․
- Ո՞վ գիտի, թե ինչն է լավ, ինչը՝ վատ: