Հին Կտակարանի Դանիել մարգարեի գիրքը պատմում է Իսրայելի թագավորական տոհմից սերող չորս մեծ մարգարեներից մեկի՝ Դանիելի զարմանալի պատմությունը: Ք.ա 6-րդ դարում են ծավալվում գրքի գործողությունները: Դանիելը ու նրա երեք ընկերները՝ Անանիան, Ազարիան և Միսայելը գերի են տարվում Բաբելոն և ծառայության անցնում թագավորի պալատում: Այստեղ էլ իրենց դրսևորում են ոչ միայն խելքով ու ուշիմությամբ, այլև բարեպաշտությամբ, իրենց Աստծուն ու հավատին հավատարմությամբ: Գրքի տարբեր դրվագներում կարդում ենք ուսանելի պատմություններ, որոնք ցույց են տալիս, որ նվիրվածությունն ու հավատարմությունը Աստծուն, նույնիսկ ամենադժվար իրավիճակներում փրկում է հավատացյալներին: Աստված շնորհներ է տալիս իրեն հավատացողներին, պահպանում վտանգներից և երբեք մենակ չի թողնում նրանց: Դանիելի զարմանահրաշ կյանքի ամենատպավորիչ դրվագում, Աստծուն հավատարմության համար հերոսին նետում են առյուծների գուբը և Աստված փրկում է նրան:Այս ազդեցիկ դրվագը, ինչպես նաև Դանիելի մարգարեությունների, տեսիլների մասին հատվածներն իրենց ուշագրավ արտահայտությունն են գտել գեղանկարչության մեջ ու արվեստի այլ ճյուղերում: Art365-ը ներկայացնում է Դանիել մարգարեի պատկերագրությունն ու նրա գրքի հատվածներից մեկը:
1 Հաճելի թուաց Դարեհին, եւ նա իր թագաւորութեան մէջ հարիւրքսան նախարար նշանակեց, որպէսզի իր ողջ թագաւորութեան մէջ նախարարներ լինեն. 2 նա նրանց վրայ կարգեց երեք հրամանատարներ, որոնցից մէկը Դանիէլն էր, որպէսզի նրանք նախարարներին հրաման տան, եւ թագաւորը չծանրաբեռնուի: 3 Դանիէլը առաւելութիւն ունէր նրանց վրայ, որովհետեւ նրա մէջ աւելի բարձր հոգի կար, 4 ուստի թագաւորը նրան նշանակեց կառավարիչ իր ողջ թագաւորութեան վրայ: Հրամանատարներն ու նախարարները նախանձում էին եւ առիթ էին փնտռում մեղադրելու Դանիէլին: Բայց ոչ մի առիթ, յանցանք եւ մեղք չէին գտնում, որովհետեւ նա հաւատարիմ էր: 5 Հրամանատարներն ասացին. «Մենք Դանիէլի դէմ ոչ մի այլ բանում առիթ չենք գտնի, բացի նրա Աստծու օրէնքներից»: 6 Այն ժամանակ հրամանատարներն ու նախարարները կանգնեցին թագաւորի առաջ եւ ասացին նրան. «Դարե՛հ արքայ, թող կեանքդ յաւիտեան լինի. 7 քո թագաւորութեան մէջ գտնուող բոլոր զօրավարներն ու նախարարները, իշխաններն ու կուսակալները խորհուրդ արին արքունական համաձայնութեամբ հաստատելու եւ ամրացնելու մի ուխտ, որ, եթէ մինչեւ երեսուն օր որեւէ մէկը որեւէ բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛յ, կը նետուի առիւծների գուբը: 8 Արդ, արքա՛յ, հաստատի՛ր ուխտը եւ հրամա՛ն գրիր, որպէսզի չանտեսուի մարերի եւ պարսիկների օրէնքը»:
Միքելանջելո, Դանիել մարգարե
9 Այն ժամանակ Դարեհ արքան պատուիրեց գրել հրամանը: 10 Դանիէլը երբ իմացաւ, որ հրաման է եղել, մտաւ իր տունը, իսկ նրա վերնատան պատուհանները բացուած էին դէպի Երուսաղէմ: Օրական երեք անգամ նա ծնրադրում էր եւ աղօթում, գոհութիւն էր յայտնում իր Աստծուն, ինչպէս առաջ էր անում: 11 Այն ժամանակ այդ մարդիկ գաղտնի դիտեցին եւ տեսան Դանիէլին, որ աղօթում էր եւ աղաչում իր Աստծուն: 12 Եկան եւ ասացին թագաւորին. «Արքա՛յ, դու ուխտ չհաստատեցի՞ր, թէ իւրաքանչիւր մարդ, որ մինչեւ երեսուն օր բան խնդրի որեւէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից՝ արքայից, կը նետուի առիւծների գուբը»: Եւ արքան ասաց. «Ճշմարիտ է այդ խօսքը. մարերի ու պարսիկների հրամանը օրինական չէ խախտել»: 13 Այն ժամանակ պատասխանեցին թագաւորին եւ ասացին. «Դանիէլը, որ Հրէաստանի գերեվարուածներից մէկն է, չհնազանդուեց քո հրամանին, արքա՛յ, եւ օրական երեք անգամ բան է խնդրում իր Աստծուց»: 14 Այն ժամանակ, երբ թագաւորը լսեց այս խօսքը, շատ վշտացաւ Դանիէլի համար եւ ջանում էր փրկել նրան: Մինչեւ երեկոյ մտածում էր փրկել նրան: 15 Այն ժամանակ այդ մարդիկ ասացին թագաւորին. «Իմացի՛ր, արքա՛յ, որ օրինական չէ խախտել պարսիկների ու մարերի հրամանը եւ ամէն ուխտ ու դաշինք, որ արքան է հաստատում»:
Ռուբենս, Դանիելը առյուծների գբում, 1615
16 Այն ժամանակ թագաւորը հրամայեց, եւ Դանիէլին բերին ու նրան նետեցին առիւծների գուբը: Արքան ասաց Դանիէլին. «Այն Աստուածը, որին դու յաճախ աղօթում ես, նա կը փրկի քեզ»: 17 Եւ բերեցին մի քար, դրեցին գբի վրայ, եւ թագաւորը կնքեց այն իր մատանիով եւ մեծամեծների մատանիներով, որպէսզի այլ բան չպատահի Դանիէլին: 18 Թագաւորը գնաց իր տուն, պառկեց առանց ընթրիքի, խորտիկ չմատուցեցին նրան, եւ նրա քունը փախաւ: Աստուած փակեց առիւծների բերանը, եւ նրանք չյօշոտեցին Դանիէլին: 19 Այն ժամանակ արքան առաւօտեան լուսաբացին ելաւ, շտապ եկաւ առիւծների գուբը 20 եւ, երբ մօտեցաւ գբին, բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Դանիէ՛լ, կենդանի Աստծու ծառա՛յ, քո Աստուածը, որին դու յաճախ աղօթում էիր, կարողացա՞ւ արդեօք քեզ փրկել առիւծների բերանից»: 21 Եւ Դանիէլը ասաց արքային. «Արքա՛յ, թող կեանքդ յաւիտեան լինի. 22 իմ Աստուածն ուղարկեց իր Հրեշտակին եւ փակեց այս առիւծների բերանները, եւ նրանք չյօշոտեցին ինձ, որովհետեւ ես արդար գտնուեցի նրա առաջ, իսկ քո հանդէպ, արքա՛յ, ոչ մի մեղք չեմ գործել»:
Բրայթոն Ռիվիրե, Դանիելը առյուծների գբում, 1892
23 Այն ժամանակ թագաւորը ներքնապէս ուրախացաւ, հրամայեց, որ Դանիէլին հանեն գբից: Դանիէլը հանուեց այդ գբից, եւ վէրք բոլորովին չգտնուեց նրա վրայ, որովհետեւ նա հաւատաց իր Աստծուն: 24 Թագաւորը հրամայեց, եւ բերեցին Դանիէլի դէմ չարախօսող մարդկանց, եւ նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցուեցին առիւծների գուբը. դեռ գբի յատակին չէին հասել, երբ առիւծները յափշտակեցին նրանց եւ մանրեցին նրանց բոլոր ոսկորները:
Մարկ Շագալ, Դանիելը առյուծների գբում, 1956
25 Այն ժամանակ Դարեհ արքան հետեւեալը գրեց բոլոր ազգերի, ժողովուրդների եւ լեզուների մարդկանց, որ բնակւում էին ամբողջ աշխարհում. 26 «Թող շատանայ ձեր խաղաղութիւնը. իմ կողմից արուեց այս հրամանը իմ թագաւորութեան բոլոր իշխանութիւններին, որպէսզի երկնչեն եւ դողան Դանիէլի Աստծուց, որովհետեւ նա է կենդանի Աստուածը եւ կայ յաւիտեան. նրա արքայութիւնը չի կործանուի, եւ նրա տէրութիւնը կը մնայ մինչեւ վերջ: 27 Նա է, որ օգնական է լինում եւ փրկում, հրաշքներ է գործում երկնքում եւ երկրում, նա է, որ Դանիէլին փրկեց առիւծների բերանից»: 28 Եւ Դանիէլը յաջողութիւն էր գտնում Դարեհի եւ պարսիկ Կիւրոսի թագաւորութեան մէջ:
Դանիելը առյուծների գբում, վաղ քրիստոնեական որմնանկար