Թեև Նոր տարին ու Սուրբ Ծնունդը ենթադրում են տարվա ընթացքում արված գործերի ամփոփում, տոնական դադար, հոգսերի մոռացում ու ուրախություն, սակայն արվեստում, ի մասնավորի գրականության մեջ տոնական թեմաները հաճախ ոչ տոնական մոտիվներ են ունենում: Տոնական անհոգ մթնոլորտը բանաստեղծներին ավելի հաճախ հիշեցնում է չարվածի, կորցրածի, կյանքի անարդարության, չարդարացված սպասումների, չիրականացված երազների մասին: Սակայն սրան զուգահեռ, մշտապես առկա է հույսը, հավատը վաղվա օրվա, նորացման նկատմամբ ու հրաշքի սպասումը: Պոեզիան, բառը, խոսքը իրականությունը փոխող զորավոր միջոցներ են, և բանաստեղծներն էլ հավատում են, որ բարի խոսքով, լավատեսությամբ ու ճշգրիտ բառով կարող են փոխել իրականությունը, սփոփել ու մխիթարել վշտակիր մարդկանց հոգիները, նոր տարին դարձնել ավելի լավը:
Art365-ն էլ հավատում է պոեզիայի ու արվեստի սփոփող, ոգեշնչող զորացնող և իրականության փոխող ուժին, ըստ այդմ՝ ամբողջ տարվա ընթացքում իր ընթերցողներին է ներկայացրել նյութեր, որոնք կօգնեին դուրս գալ հոգեբանական ճգնաժամից, հաղթահարել ցավն ու ապատիան, լինել սթափ։ Նաև ոգեշնչվել մեր ունեցած նվաճումներով, կորուստների մասին հիշել ոչ թե հուսահատությամբ, այլ իրավիճակը շտկելու կամքով: Եվ տարին էլ ամփոփում ենք պոլսահայ բանաստեղծ Զահրատի Ամանորին նվիրված անչափ նուրբ, փոքր-ինչ տխուր սակայն լավատեսական բանաստեղծական շարքով: Մաղթում ենք, որ 2024 թվականին խաղաղ երկնքի տակ, հավատով ու աշխատանքով, ստեղծարար ոգով ու հզոր կամքով կշարունակենք ապրել ու գործել մեր սիրելի երկրում՝ ամեն օր, շաբաթ ու տարի ներշնչվելով արվեստով։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ԿԱՂԱՆԴ
ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱՅԻՆ ՄՕՐՈՒՔԸ
Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի նման
Ըսէ - Կաղանդ Պապա
Մօրուքէդ Հաց կը շինուի՞
ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը - յետոյ զարդեր ծառին վրայ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
- Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ - ոչ ծառ ոչ ալ զարդ -
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգայս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ հր բաւէ
Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:
ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ
Ծառէն ժանեակ ծառէն մանեակ ծառէն սոխակ կախեցէք
Ծառէն թելեր ծառէն ծամեր ծառէն լոյսեր կախեցէք
Ծառէն ծաղիկ ու խաղալիկ
Ծառէն պերճանք ու զարդարանք
Ծառէն խաբկանք ծառէն պատրանք ու երազանք կախեցէք
- Կից մը տուէք - թող փլի
Նոր ծառ մ՚առէք - ծառէն ձանձրոյթ կախեցէք
Ծառէն ձանձրոյթ ծառէն ձանձրոյթ ծառէն ձանձրոյթ կախեցէք
- Այդքան առատ արդէն ուրիշ ի՞նչ ունիք -
ԿԱՂԱՆԴԻ ԿԱԶԷԼ
Բարեւ ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին Կաղանդներուն
Մեր Կաղանդին ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն
Ես տարայն մէջ - տարիէն դուրս - ինչ Կաղանդներ եմ ողջուներ
Թող ձերն ըլլայ այս գիշերուան կարմիր գինին Կաղանդներուն
Տօն եմ տօներ ամէն անգամ երբ նոր սիրով մ՚եմ գինովցեր
Ամէն անգամ լոյսն եմ խմեր այդ լուսածին Կաղանդներուն
Դուք ցնծացէք դուք բերկրեցէք ու խայտացէք այս գիշեր դուք
Խուզարկեցէք արեւասքօղ գանձն ու ոսկին Կաղանդներուն
Իմ Կաղանդիս ըսպասեմ ես Սէր-Կաղւսնդիս նորահըրաշ
Երբ դուք մըռայլ օրերէ վերջ երթաք կրկին Կաղանդներուն
Բարեւ ըսեմ այդ Կաղանդին ու բոլոր հին Կաղանդներուն
Մեր Կաղանդին ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն
ԿԱՂԱՆԴՉԷՔ
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ
Եթէ գիտնամ
Թէ վերջընթեր Կաղանդին
Պիտի նուէրս ընդունիս
ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուորցած
Պիտի գաս
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ սիրելիս
ՆուԷրներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս եւ ամէնէն իշխանականը զատած
Եթէ գիտնաս թէ կը սպասեմ սիրելիս
Զոյգ ձեռքերըս սրտիս նման քու անունիդ երկարած
Հարիւր Կաղանդ ալ կը մընամ առանց քեզի սիրելիս
Գիտնամ միայն թէ վերջընթեր Կաղանդին
ժպիտներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երջանիկովն աղուորցած
Պիտի գաս
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ - սիրելիս
Գիտնամ միայն
Թէ անպայման
Կաղանդներուն ամէնէն կոյս
Ամէնէն լոյս
Եւ ամէնէն երազային հարիւրերորդ
Կաղանդին
Մշտադալար եղեւինի մը տակ լուռ
Պիտի հալինք պիտի հատնինք անէանանք միասին
Անվերադարձ Կաղանդներուն պէս կեանքին
Հարիւր Կաղանդ ալ կը սպասեմ
Գիտնամ միայն որ դուն գիտես թէ կը սպասեմ սիրելիս...
ԾԱՌ
Այդքան պերճանք - այդքան պչրանք - այդքան լոյս
Չեն բաւեր
Ծածկել արիւնը որ շիթ շիթ կը կաթի
ճիւղերէդ
Այդքան աւիշ - այդքան տերեւ - այդքան ցօղ
Չեն բաւեր
Որ հաւատանք թէ արեւներ պիտի քաղենք
ճիւղերէդ
Այսքան արիւն - այսքան արցունք - այսքան վիշտ
Չեն բաւեր
Որ մենք դարձեալ սիրտ չկախենք
ճիւղերէդ
Աղբյուրը՝ Զահրատ, Բանաստեղծություններ, հատոր Ա, www.digilib.aua.am