1922 թ., հունիսին Հովհաննես Թումանյանը գրում է իր ամենահայտնի ու սիրված բանաստեղծություններից մեկը՝ «Սիրիուսի հրաժեշտը».
ՍԻՐԻՈՒՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ
Սիրիո՛ւս, երկնից ահեղ անցվոր,
Ո՞ւրկից եկել,
Ո՞ւր ես թեքել,
Ո՞ւր ես ճեպում էդքան հըզոր,
Անճառ թափով,
Անծեր ճամփով,
Դարե՜ր, դարե՜ր հազարավոր։
Սիրիո՛ւս, երկնից շըքեղ գոհար,
Որ խաղում ես,
Փաղփաղում ես
Ճերմակ ու բիլ լուսով քո վառ
Ու զարդարում,
Ջըվարթ վառում
Մեր գիշերվան ճակատը մառ—
Ի՜նչքան աչք են վըրադ հառել,
Նայում են քեզ
Հիմի մեզ պես,
Ի՜նչքան աչք է նայել, մարել,
Եվ կամ ի՜նչքան
Դեռ պիտի գան,
Որ անհայտից կյանք չեն առել։
Ո՞վ առաջինն ասավ ողջերթ
Քեզ մեր հողից,
Մարդու ցեղից,
Կամ ո՞ւմ աչքում պիտի անհետ
Մի օր հատնի,
Մարի, մըթնի
Հըրաժեշտի շողըդ հավետ…
Բարի ճամփա՛, հյո՛ւրըդ մեր հին.
Եվ թե տեսնես՝
Մեզնից էսպես
Մի հարցում տուր հըզոր մահին.
— Մարդու քանի՞
Սերունդ կանի
Մի հըրաժեշտն աստեղային։
Եթե չիմանանք այս բանաստեղծության ստեղծման պատմությունը, այն կարող ենք ընկալել, որպես մարդկային ու տիեզերական ժամանակների հարաբերության, կյանքի անցողիկության ու հետագա հավերժական գոյության, ավելի լայն՝ երկնայինի ու երկրայինի հարաբերության մի խորհրդանշական պատկեր: Սակայն ուշագրավ է, որ բանաստեղծությունն իր ստեղծման հանգամանքներով ուղղակի կապ ունի աստղագիտության հետ: Աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը հիշում է, որ նա 1922 թվականին, երբ 14 տարեկան էր, հանդիպել է Հովհաննես Թումանյանին: Զրույցի ժամանակ ապագա խոշորագույն գիտնականը Հովհ. Թումանյանին տեղեկություններ է հաղորդել Սիրիուսի մասին: Այդ աստղի պատմությունն այնքան է տպավորել ու ներշնչել բանաստեղծին, որ նա գրել է այս չքնաղ գործը: Առաջին անգամ տպագրվել է հեղինակի ծանոթագրությամբ.
«Սիրիուսը մեզանից հեռանում է անդադար օրական 2625000 վերստ արագությամբ: Նա արևից ավելի մեծ է ծավալով 144 անգամ և ավելի պայծառ 88 անգամ»:
Հարցազրույցներից մեկում մեծ աստղագետը վկայում է այս մասին՝ խոսելով նաև պոեզիայի ու գործի, կյանքի ու մահվան հարաբերության մասին.
«Ինձ համար ամենամեծ բանաստեղծը Հովհաննես Թումանյանն է, ապա Պեշիկթաշլյանը, Վահան Տերյանը, Չարենցը: Սիրում եմ նաև ռուս դասականներին: Այդ դասականներից մի քանիսը իմ ժամանակակիցներն էին. Բլոկը, Գումիլյովը...Ինքը Թումանյանն է ինձ հարցրել Սիրուսի մասին: Ասաց՝ «պատմիր Սիրուսի մասին»: Ես էլ պատմեցի:...Ես կարծում եմ, որ առհասարակ մարդը չպետք է մահվան մասին մտածի: Եթե մահկանացուն հասկանում է բնական երևույթները, մահվան անխուսափելիությունը, նա սկզբից ևեթ պետք է հաշտվի և չվախենա մահից: Կարևորը դա է: Դա է հավերժական օրենքը: Մարդն առայժմ չի կարող հասնել ֆիզիոլոգիական անմահության: Նույն Թումանյանը մեկ այլ քերթվածքում այսպես է ասում. «Գործն է անմահ լավ իմացեք, Որ ապրում է դարեդար, Երնեկ նրան, ով իր գործով կապրի անվերջ, անդադար»: Սա խելացի մարդկանց համար է ասել Մեծ լոռեցին: Իսկ հիմար մարդիկ մտածում են րոպեական հաճույքների մասին»:
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Ոչ մի շաբաթ առանց Հովհաննես Թումանյանի, 2018
«Սովետական Հայաստան», 1988, թիվ 227