Արցախյան հյութեղ բառ ու բանի՝ առածների ու ասացվածքների այս փունջը ներկայացնում է արցախցու դարերի փորձառությամբ կոփված իմաստությունը, նուրբ հումորը և ապրելու արարելու կամքը: Հասարակական տարբեր հարաբերություններ ներկայացնող ժողովրդական այս իմաստությունները, որոնք հավաքվել են Արցախի տարբեր շրջաններում, թեև շատ ընդհանրություններ ունեն միջազգային ու հայկական առածանու հետ, սակայն ունեն նաև յուրահատկություններ, որոնք պայմանավորված են Ղարաբաղի բարբառով, խոսվածքներով և պատկերավորման միջոցների տեղային յուրահատկությամբ:
Աղվեսին անումն ա եր ըլած, ամա ըշխարքես տոնը քանդողը կյուլն ա:
Ամեն հինչին թազան, հնգերեն՝ քյոհնան:
Ամենաքաղցըրը մարթին քրտնոնքն ա:
Արթար խոսքը մեռնել չի:
Դուզ խոսքը ըսողեն յա խոխա կասին, յա՝ կյիժ:
Ես պեն ըմ ասում, տու պեմբակ ըս սկանամ:
Էլհա լավ ա վադեն լավ ասիս, քան լավեն՝ վադ:
Էշին վեր քցեցեն, ծիին նլեցեն:
Էրկու փահլևան մին քյնդիրու յրա կարել չըն խաղ անին:
Ըսողեն անգուճ անող բիդի:
Ըրած լվոթունը ըրեսավը չըն կյալ:
Ըրած ցեխեն մին քթոլ ճուրն էլ ա բոլ:
Թա օզում ըս գյիդաս աշխարքս հունց ա, մռնողան հրցըրու:
Թունդ քացախը կարաս ա ճքըցնում:
Ժղովուրթը ծոռ պեն չ՛անել, ժղովուրթր ծոռ պեն չ՛ասել:
Լավ ա հարուր օր պորթումը կենաս, քան մին սոտ ուրթումն օտիս:
Լավ խոսքեն տարը կմեռնե, խոսքը կմնա:
Լյավ ըն ասալ թա՝ օնքը շինելու տեղ տամ ա՝ աշկը վեր թափում:
Լյավն էն ա՝ հազ անին, քան թե՝ տնազ անին:
Ծառը՝ բարավ ա, մարթը՝ աշխադանքավ:
Ծերքեն մանները դուզ ըն, վե՞ր աշխարքս դուզ ընի:
Կծողեն քմակեն վեննը կաց, քացի տվողեն՝ ըռաչին:
Կռվումը չամենչ չըն պժենում:
Հազար խոսողը Ղազար չի տեռնալ:
Հայան խելունքը հայը կընի:
Հայը հային պարիկամ կընի:
Հավքը՝ թևավը, մարթը՝ խելքավը:
Հացը՝ սուլթան, ճուրը՝ վեզիր, մնացածը՝ գզիր-մզիր:
Ճանջն ածում ա, ճիճին տանում:
Ճուրր վեր մին տեղ շատ կաղնում ա՝ վետում ա:
Մարթ կա կարթում ա՝ մարթ տեռնում, մարթ կա կարթում ա՝ էշ տեռնում:
Վեչ լավավն ա ուրխընալի, վեչ փիսավը՝ տխրվելի:
Աղբյուրը՝ Արցախի առած-ասացվածքները/կազմ. Հ.Համբարձումյան/, Անտարես, Երևան, 2017:
Նկարը՝ Սամվել Գաբրիելյան, լուսանկարիչ՝ Հրայր Բազէ։