Մաներիզմի հիմնադիր, բայց իր որոշ աշխատանքներով սյուրռեալիստական արվեստը հիշոցնող Ջուզեպպե Արչիմբալդոն(1526-1593) ծնվել է Միլանում՝ նկարչի ընտանիքում։ Վաղ հասակից օգնել է հորը՝ եկեղեցիների ներքին հարդարման, որմնանկարների ստեղծման աշխատանքներում։ Մասնավորապես զբաղվել է եկեղեցիների վիտրաժների ու գոբելենների էսքիզներով։ Կյանքի հաջորդ շրջանում Ջուզեպպեն արդեն պալատական նկարիչ է Վիեննայում՝ Մաքսիմիլիան Երկրորդ կայսեր պալատում։
Մաքսիմիլիան կայսեր ընտանիքը, 1563
Այս շրջանում էլ, ապա նաև հետագայում Պրահայում՝ Ռուդոլֆ Երկրորդ կայսեր ծառայության մեջ, պալատականների ավանդական դիմանկարներին զուգահեռ, նկարիչը ստեղծում է իր ինքնատիպ դիմանկարները, որտեղ պատկերվող անձը ներկայացվում է տարբեր առարկաների համադրությամբ։
Այս շարքի ամենահայտնի գործերից է՝ «Կայսր Ռուդոլֆ 2-րդի դիմանկարը՝ Վերտումնի կերպարում» նկարը։ Այստեղ կայսերը պատկերված է տարվա եղանակների, բերք ու բարիքի ու պտղաբերության հին իտալական աստծո՝ Վերտումնի կերպարում։ Ըստ այդմ էլ՝ Ռուդոլֆ 2-րդի դիմանակարը բնական բարիքների մի յուրահատուկ համադրություն է։ Այս շարքի մինչ այդ նաև հետագայում ստեղծված այլաբանական պատկերները նշանավոր են դարձնում նկարչին ու այդ հռչակը չի մարում մինչ օրս։
Տարվա եղանակներ և տարերքներ, ամառ, գարուն, օդ և կրակ, 1560-ականներ
Տարվա եղանակներ, ձմեռ, աշուն, ջուր, հող
Իրավաբան, 1566
Արչիբալդոյի ինքնահատուկ պատկերեները տարբեր մեկնաբանություններ են ստացել արվեստաբանների ու մշակութաբանների կողմից։ Գլխավոր նորությունը, որ բերում է նկարիչն այն է, որ այլ լեզվով այլ բան է պատկերվում, այսինքն հաճախ տգեղ ու անհամաչափ թվացող առարկաների միջոցով գեղեցիկ ու կառուցիկ պատկեր է ստեղծվում։ Այս սկզբունքի մեջ էլ թերևս թաքնված է Արչիմբալդոյի պատկերների յուրահատուկ հմայքն ու ազդեցությունը։ Դիտողի առջև կարծես մի յուրահատուկ փազլ է դրվում, որն առաջին հայացքից ամբողջական պատկեր է, սակայն նկարի ուսումնասիրության շարունակությունը առաջնորդում կամ ստիպում է դիտողին, մտովի մասնատել այն, փորձել հասկանալ կազմությունը, ապա նորից այն ամբողջացնել։ Այսինքն անցնել նկարչի անցած ճանապարը՝ ամբողջից՝ մասեր, ապա հակառակը։