Հայտնի է Պարույր Սևակի պաշտամունքը հայերենի նկատմամբ, որն արտահայտվել է նրա ստեղծագործության մեջ, հատկապես հայերենին նվիրված բանաստեղծություններում: Սակայն քչերը գիտեն, որ Պարույր Սևակը ամենից շատ հայերեն բառեր օգտագործած գրողն է: Շարունակելով «Սևակն ափի մեջ» նախագիծը՝ նվիրված Պարույր Սևակի 100-ամյակին՝ ներկայացնում ենք բանաստեղծի ու մայրենիի մասին մի ակնարկ:
Սևակը գրանցել է հայոց լեզվի հիմնական բառաֆոնդի կիրառության ռեկորդային ցուցանիշներ. նրա չափածոյի, այսինքն՝ բանաստեղծությունների ու պոեմների բառապաշարը՝ 14 200 բառ է ընդգրկում։ Միայն «Անլռելի Զանգակատուն» պոեմում՝ 6091 բառ կա։Թարգմանական գործերում բանաստեղծն օգտագործում է ևս 3100 բառ։ Պարույր Սևակը նաև բառաստեղծ է. նա 1150 նոր բաղադրյալ բառ է ստեղծել։
Սակայն բանաստեղծը հայերենի իմացության այս մակարդակին միանգամից ու հեշտությամբ չի հասել: «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրական ակնարկում Սևակը հիշում է, որ առաջին մեծ հիասթափությունը, որ նա ապրում է համալսարան ընդունվելուց հետո, լինում է այն, որ հասկանում է, որ ինքն անգրագետ է, քանի որ լավ չի տիրապետում հայերենին.
....եթե գրագետ լինելը դժվար է ընդհանրապես, ապա քառակի դժվար է գրագետ լինելը հայերենից, որովհետև հայոց լեզուն լավ իմանալ նշանակում է տիրապետել ... 4 գրական լեզվի (գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն): Իսկ եթե սրան էլ ավելացնենք, որ հայերենն ունի նաև 60 բարբառ, որոնցից շատերն իրարից ավելի են հեռու, քան ռուսերենը ուկրաիներենից, և որ իմ մայրենի բարբառը գրական հայերենին մոտիկ է նույնքան, որքան չեխերենը ռուսերենին,- ապա կուրվագծվեն հայերենը տիրապետելու դժվարության մոտավոր սահմանները...
Գեղարվեստական և գիտական գրականություն ու նաև բառարաններ կարդալով՝ Պարույր Սևակը կարողանում է լրացնել հայերենի իմացության իր պատկերացրած բացն ու իրեն վստահ համարել հայերենի գիտակ: Գրականագետ Լևոն Հախվերդյանը հիշում է.
«Ես չգիտեի ինչ բան է «բառարան կարդալը»։ Դա Պարույրի սիրած զբաղմունքն էր: Մի երեկո այցի էի գնացել Պարույրին, երբ նա վարձով ապրում էր Սպանդարյան փողոցի բակերից մեկում, հանրախանութի կողքին. ամուսինները զբաղեցնում էին մի փոքր, կոկիկ սենյակ։ Տեսնեմ՝ տանտերը թախտի վրա կիսապառկած, թիկունքը բարձր, մի ձեռքին մատիտը, մյուսով մի ահագին գիրք ծնկներին պահած: Ի՞նչ գիրք է դա։ Բառարան է, հայերենի բացատրական բառարան:
Բայց բառարանը կկարդա՞ն, բառարանը պետք է, երբ մի բառ չես հասկանում՝ բացում ես նայում։ Եվ Պարույրը ժպտաց, ինձ պարգևելով իր կարեկցական-ներողամիտ ժպիտներից մեկը՝ իհարկե, այդպես է, պիտի չալարես, նայես ամեն անգամ ու դեռ բառն էլ գրես: Բայց գիտե՞ս ինչ հրապուրիչ բան է բառարան կարդալը, ամեն մի վեպից հրապուրիչ, լեզվաբանությունից հետաքրքիր բան կա՞։ Գիտես, օրինակ, ինչ է նշանակում ընկեր (ստուգաբանությամբ, իհարկե, չգիտեի)։ Դա նշանակում է ընդ–կեր, այսինքն միասին ուտող: Իսկ ռուսերեն՝ Tоварищ- товар և ищи բառերի միացությունն է, նույնպես հնուց է գալիս, երբ մարդիկ գնացել են միասին ապրանք հայթայթելու։ Բայց ամենից լավը թուրքերենն է` յոլղաշ՝ ճանապարհի ընկեր: Բա՛։ Հիմի տես, թե լեզվաբանությամբ ինչեր կարելի է պարզել: Թուրքերն ասում են փենիր, դա մեր պանիր-ն է, որ մեր լեզվում եղել է շատ վաղուց: Թուրք քոչվոր ցեղերը եկել են մեզնից սովորել են պանիր պատրաստել և անունը վերցրել են: Ուրեմն, եկվորը նրանք են եղել և ոչ թե մենք: Էդպես է ջանս։ Բառարան որ կարդաս՝ կիմանաս...
Բառերը Պարույրի աչքում նույն բաները չէին, ինչ որ մեր աչքում։ Բառերը նրա ընկալմամբ կենդանի արարածներ էին, իրենց գույնը, քաշը, համն ունեցող արարածներ, որոնց նա փայփայում էր, շոյում, վարժեցնում ու ենթարկում իրեն ընտանի կենդանիների պես:
Այս ամենից հետո դյուրին է պատկերացնել, թե ինչու Պարույրը գրեթե ֆիզիկական ցավ էր զգում, երբ դառնում էր բառի սխալ գործածության, լեզվական սխալի ակամա ընթերցողը կամ ունկնդիրը։ Չէր դիմանում, երբ աչքին էին ընկնում անգրագետ կամ թեկուզև անփույթ գրված էջեր: Մի անգամ իմ ուսանողական ընկերուհիներից մեկը թատերախոսական էր բերել խմբագրություն, թեև գրագետ, բայց փնթի գրված մի քանի էջ: Ես, Պարույրից փոխառած սովորույթով, կշտամբեցի աղջկան: Սա թե՝ շտապել է, ժամանակ չի ունեցել... Պարույրը, որ լսում էր մեզ, տեղից վեր կացավ, մոտեցավ, աչքի անցկացրեց էջերը և վրա տվեց՝ սա ի՞նչ բան է, անհարմար չե՞ք զգում, էսպես կգրեն ու ցո՞ւյց կտան ուրիշին, շտապել է: Մարդ որ մի թուղթ է գրում. ճմռթում ու դուրս գցում օդանավի պատուհանից, դա էլ պիտի կարգին գրի...»
Բանաստեղծի՝ հայոց լեզվի նկատմամբ վերաբերմունքը, նաև լեզվի իմացության մակարդակը լավագույնս արտացոլվել են նրա՝ մայրենիին նվիրված բանաստեղծություններում և հատկապես «Հայոց լեզու» գործի թե՛ բովանդակության և, թե լեզվի ու ոճի մեջ: Այս ծավալուն ստեղծագործության մեջ հայոց լեզվի, բառ ու բանի միջոցով ներկայանում է մեր պատմությունը, մշակույթը, անցյալն ու ներկան, հայի ինքնությունը, այն ամենն, ինչը ստեղծվել է մեր լեզվի միջոցով ու շնորհիվ: Եվ Սևակը մեծ վայելքով ու հպարտությամբ, զգալով ամեն բառի համն ու հոտը, յուրաքանչյուր տառի ու վանկի նրբերանգները, հարգանքի իր տուրքն է մատուցում հայոց լեզվին:
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
«Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ»
Պահածոյացած՝ քո մեջ ես պահում
Արևագալի նշողումը շեկ,
Մեր երդիկների նշուլումը շեղ,
Շինականների խոփի շառայլը հորովելների անկյունադարձին,
Մանգաղի շողքի արծաթ բանվածքը արտի ոսկու մեջ,
Խույրի երթևեկ ցոլափոխանքը ակնաշլացիկ,
Զինվորագրյալ քաջերի զենքի ճառագայթումը արփալույսի տակ,
Ատրուշանների բացխուփ բոցերի մարզանք-մրցումը բոլորանվեր,
Խաչերի ցոլքը ցնորաբերող,
Գրակալներին ծաղկող մոմերի պլպլոցը պաղ,
Եվ փա՛յլը, նաև շառավիղո՜ւմը մեր տխուր-զվարթ ճաճանչող աչքի...
Դու քո մեջ ունես գայիսոնի շեշտ
Եվ գավազանի ուղղաձիգ սլացք,
Սկիհի բոլորք,
Կածանի ոլորք,
Ծամթելի հանգույց
Եվ ճարմանդի կեռ:
Հայոց աշխարհի փափկասուն կանայք
Քո մեջ են թողել նրբությունն իրենց,
Մամիկներն՝ իրենց գորովը ծփուն,
Ռամիկներն՝ իրենց կոպտությունն առողջ,
Ռազմիկներն՝ իրենց կորովը բազկի
,Եվ սեպուհները՝ կանչը մարտական:
Մեր մեհյանների և տաճարների
Խորաններին ես սիրով պարտական
Վեհության համար քո անկողոպուտ,
Որով այլևըս օծված ես այնպես,
Ինչպես սարյակը իր ա՛յն ինքնաքամ օծանելիքով,
Որի գաղտնիքը, ձագուկից բացի, աստծո՜ւն չի հայտնում՝
Նման խուփբերան մեր վարպետներին ու ճարտարներին:
Սրանց հմայակ հմտություններն էլ քո մեջ են խայտում,
Ինչպես ջրերը ստորերկըրյա՝
նստվածքների մեջ:
Վառ Վարդավառի ջրցան կա քո մեջ
Եվ երբեք չանցնող սարսուռ-տամկություն,
Նավասարդական տոնախմբության ցնծում ու հափրանք,
Համբարձման ճախրանք երկնահրավեր,
Եվ ծառազարդի խորունկ խլրտում:
Հաշտից տեղերի հաշտարար խորհուրդ քրիստոսատիպ
Եվ գավիթների խում ու խրախճանք հեթանոսական...
Մեր դյուցազներգակ ու վահագնապաշտ գոռոզ գուսանաց
Բամբ բամբիռների և թինդ թմբուկի ձայների թվով,
Մեր սիրախռով տաղերգու արանց, կանանց, կուսանաց,
Անհայտ ու հայտնի բույլքի համեմատ,
Հայրեններ կանչող մեր սիրախորով կտրիճ լաճերի,
Եվ եղերամոր լալյաց երգերի միջև տատանվող
Բոլո՜ր անհամար ելևէջներին և անցումներին համապատասխան
Թրթիռներ ունես թավ ու թովչական, թախծոտ ու թավշե:
Մինչ կաքավները թողել են «կղա» և տոտիկ կարմիր՝
Կաքավողների դաշըն ձևերն են քանդակվել քո մեջ,
Նրանց շղարշիկ շորի շրշյունն է, որ քեզ համակել
Ու տոգորել է շշուկ-շշունջի շատությամբ շռայլ,
Նրանց ըզգլխիչ հոտերն են հագել
Նրբերանգներիդ հանդերձը հարուստ,
Նրանց հագուստի հոտերն ըզգլխիչ,
Բայց և բույրերը այն բարձրապահյալ բժժանք-բույսերի,
Որ տիկնանց տիկին Սաթինկան տենչի տերն էին դառնում...
Արտաշիսական հարսանիքներում վերից տեղացող
Դահեկանների հնչում կա քո մեջ
Եվ փոխարինվող չիր ու չամիչի,
Ընկույզ-փշատի բազմաձևություն,
Տանիքներ ճոճող շուրջպար-դարձպարի
Եվ ճապուկ-ճարպիկ լարախաղացի
Գունագեղություն և կշռույթ ու չափ:
Սոխակի սխրանք ունես դու քո մեջ,
Դղիրդ աղացի
Եվ թարմ ալյուրի տաքուկ փափկություն,
Դու քո մեջ ունես նոր դալարիքի
Եվ աղջիկների մեջքի ճարպկություն,
Ճախարակների և սանդերքների ձայներ անշփոթ,
Ծեր գզրարների ու մազմանների երգեցիկ զարկեր՝
Մի արարչական նվագ, որի տակ
Աստծու բեղ-մորուքն իջնում էր ամպից
Ու դառնում գուլպա, թաղիք ու կարպետ...
Եվ ունես քո մեջ Եփրատի ծփում,
Երազ Երասխի,Վանա-Սևանա տուրևառություն,
Լեռնաղբյուրային մի ջինջ սառնություն,
Որից անցնում է լեղի վարունգի դառնությունն անգամ,
Եվ երկրի երես բարձրացող ջերմուկ,
Որ դրկիցության ելումուտ ունի
Երկրամիջուկյան հրահեղուկի ոլորտների մեջ:
Եվ ունես քո մեջ շամբի երերմունք,
Անսպասելի արարմունք ամպի,
Սոսյաց անտառի սաղարթի սոսափ,
Որի սաստկությամբ կամ հանդարտությամբ
Բախտ էին բանում նախնիները մեր.-
Ամենի՛ բախտը՝ անստո՜ւյգ ու սո՛ւտ,
Եվ միայն քո՛նը՝ հիրավի՜ պայծառ...
Խորվիրապական տառապանքների թելադըրանքով,
Մարտիրոսների, նահատակների
Ու վկաների տաժանքի հուշմամբ
Եվ մեռելոցի անանց կսկիծի պահանջով ազդու՝
Հոմանիշների մի ամբո՜ղջ վտառ վխտում է քո մեջ,
Գոմշաձագերից սևություն առած,
Եվ անտակություն՝ Մասյաց վիհերից...
Եվ ունես խոսքեր ո՛չ միայն հայցի, այլև հատուցմա՜ն,
Ո՛չ միայն հոժար և անհիշաչար ձեռքի մատուցման,
Այլև հին քենի ու նոր վրեժի դժվարի՜ն խոսքեր,
Որ արջի նման խոր քուն են մտնում,
Բայց և արջի պես զարթնում են մի օր,
Երբ ծայր է առնում եռոցքը արյան՝
Կապկելով հոսքը ելման ջրերի:
Սակայն ավելի հպարտ ես ու շեն
Անխարդախ սիրո և մտերմության,
Բարու, գեղեցկի, հավատարմության,
Խանդաղատանքի և փաղաքշանքի,
Կերտման-կառուցման, ձգտումի-ջանքի,
Երազիկ վաղվա,
Հարաձիգ հուսո
Խոսքերով խորունկ, ցոլացիկ ու պարզ,-
Յուրաքանչյուրից՝ մի ողկո՛ւյզ, մի խո՜ւրձ,
Յուրաքանչյուրից՝ մի երա՜մ, մի պա՜րս:
Դու այսպիսի՛ն ես,
Այսպիսի՜ն ես դու:
Եվ երջանիկ է՝ ով քեզ կարող է կոչել ՄԱՅՐԵՆԻ,
Երանելի է՝ ով քեզանով է խոսում ու դատում...
Դու՝ իմ մայրենի՜,
Այսպիսի՛ն ես դու:
Եվ ես՝ երջանիկս ու երանելիս,
Ե՛ս չեմ, այդ ե՛ս չեմ քեզ տիրապետում:
Դո՛ւ ես, այդ դո՛ւ ես ինձ տիրապետում -
Հավիտյա՜ն և մի՜շտ,Եվ ա՛յժմ նաև՝
Քեզանով իսկ քե՛զ փառաբանելիս...
29,31.I.1962թ.
Երևան