• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ակսել Բակունց. Ալպիական մանուշակ

Ակսել Բակունց. Ալպիական մանուշակ

 

Գունավոր բզեզներ

 

Անկրկնելի Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը» նրա ամենասիրված ու ներշնչող գործն է: Պատմվածքը տարբեր կերպ կարելի է հասկանալ ու մեկնաբանել, սակայն թերևս գլխավոր թեման՝ գեղեցիկն է: Ավելի մասնավոր, գեղեցիկի տարբեր ընկալումներն ու հարաբերությունը կյանքի հետ: Ինչպե՞ս են տարբեր մարդիկ այս դեպքում՝ Կաքավաբերդի ավերակներ այցելած նկարիչն ու հնագետը զգում ու ընկալում գեղեցիկը, կա՞ այն որպես օբյեկտիվ իրականություն, թե՞ յուրաքանչյուր մարդ՝ իր մասնագիտության ու կրթության բերումով, իր անցյալի հարաբերությամբ, ի վերջո հոգեմտավոր անմեկնելի ունակություններով է տեսնում ու գնահատում աշխարհը ու գեղեցիկն այդ աշխարհում: Եվ այս տեսանկյունից, թերևս բոլորս էլ տարբեր իրավիճակներում հնագետ ու նկարիչ կարող ենք լինել, կամ ուղղակի գունավոր բզեզ, որն ապրում է իր ծաղկափոշու մեջ ու մտածում, որ աշխարհը «ծիրանագույն բուրաստան» է: Սակայն կա նաև մեր անհատական աշխարհներից դուրս իրական մի աշխարհ, որի ներկայացուցիչներն են՝ ուղեկիցը, երեխան, գյուղացի կինն ու նրա բռի ու խանդոտ ամուսինը: Եթե հնագետն ու նկարիչը կարող են, այդուհանդերձ, տեսնել գեղեցիկը, ապա այս մարդիկ իրենց դառն ու տխուր կյանքի միջից, չեն տեսնի ոչինչ: Կարելի՞ է սա ընկալել որպես սթափության հորդոր, աշխարհը, պատմությունը, հայրենիքը ավելի լավ ճանաչելու կոչ: Գուցե... 

 

Արփենիկ Չարենց

 

Ա.Բակունցն այս պատմվածքը գրել է 1925-1927 թթ.: Այն ընդգրկված է արձակագրի «Սև ցելերի սերմնացանը» գրքում և ձոնված է Եղիշե Չարենցի կնոջ՝ Արփենիկ Չարենցի հիշատակին: Եղիշե Չարենցն իր «Ա.Բ.»-ին բանաստեղծության մեջ թվարկելով Բակունցի գործերը՝ նրանց շարքում հիշատակում է «Ալպիական մանուշակը» և «անաղարտ երգով» «օրհնում» իր «խեղճ բարեկամին». 

 

Արփենիկի հուշով սրբագործված հավետ,


«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,


Որ բուրելու է հար աննյութեղեն,—

 

Կինը

 

Ուսումնասիրողների վկայությամբ պատմվածքում գյուղացի կնոջ տեսքից նկարչի մտապատկերում հայտնվող ծովափնյա կինը ունի իրական նախատիպ: Ա. Բակունցը մտերմիկ հարաբերություններ է ունեցել ազգագրագետ Ժենյա Գյուզալյանի հետ: Նրանք հանդիպել են Երևանում, ապա նաև Զանգեզուրում, երբ Ժենյան հնագիտական գործուղման էր: 1926-ին նրանք միասին եղել են նաև Բաթումում: Այս հանդիպումն էլ թերևս հուշի ձևով արտացոլվել է պատմվածքում:

 

 

Վայելենք այս չքնաղ պատմվածքից մի հատված:

 

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին։

     Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

    Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

 

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

 

   Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։

   Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Աղբյուրներ՝ Ակսել Բակունց, Երկեր 2 հատորով, հատոր առաջին, Երևան,1964։

Հովիկ Չարխչյան, «Ո՞վ էր Բակունցի ալպիական կինը», hovikcharkhchyan.wordpress.com

Նկարը՝ Բ. Քոլոզյան, Գարուն, www.gallery.am

 

Art 365

09.04.2021

Ակսել Բակունց, Ալպիական Մանուշակ, Եղւշե Չարենց, Հայ գրականություն, Արի ներշնչանքի

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.