• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն ու «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն ու «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը

Համայն հայության հոգևոր կենտրոն՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Հարության տոնից 64 օր հետո։ 2024 թ․ տոնը հունիսի 2-ին է։ Այն Հայ առաքելական սուրբ եկեղեցու կարևոր տոներից է և նվիրված է Մայր Աթոռի հիմնադրմանը Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով։ Ըստ Ագաթանգեղոս պատմիչի, Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունենում, ըստ որի  Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանի տեղին՝ մատնանշելով այն վայրը, որտեղ  պետք է կառուցվեր հայոց հոգևոր կենտրոնը:
 
Ըստ այսմ էլ ստուգաբանվում է  տաճարի «Էջմիածին» անվանումը,  էջ Միածին՝  իջավ Միածինը: Հայոց առաջին հայրապետն  իր տեսիլքը պատմում է  Տրդատ թագավորին: Թագավորի ու նրա ընտանիքի անմիջական մասնակցությամբ էլ  կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝  Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը:
Այս հրաշափառ ու սրբազան տեսիլքն ու Մայր Աթոռի կառուցման իրադարձությունն իրենց հետագա արձագանքն են գտնում մատենագրության ու շարականագրության մեջ։ Մասնավորապես 7-րդ դարի հայոց կաթողիկոս, նշանավոր շարականագիր Սահակ Գ Ձորափորեցու հանրահայտ «Էջմիածինն ի Հօրէ» շարականում․

 

Էջ Միածինն ի հօրէ
Եւ լոյս փառաց ընդ նըմա,
Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց։

Տեսեալ ըզլոյս մեծ
Հայրապետին Գրիգորի,
Պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային։

Եկայք շինեսցուք
Սուրբ ըզխորանըն լուսոյ.
Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս
Ի Հայաստան աշխարհի։

 

Սահակ  Ձորոփորեցին Սուրբ խաչին և եկեղեցուն նվիրված շարականների մեծագույն մասի հեղինակն է։ Նա է գրել Շողակաթի, Նավակատյաց և Վերացման ութ օրերի, Վարագա Սուրբ Խաչի և Գյուտ Խաչի կանոնների մեծ մասի շարականները՝ մոտ  60 երգ։ Հատկապես նշանավոր են նրա ՝ «Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Սուրբ Խաչն», «Այսօր ուրախացեալ» երգերը։

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականով է ավարտվում Սուրբ Էջմիածնի կամ Շողակաթի տոնի կանոնը։ Շողակաթը Էջմիածնի Մայր տաճարի հնագույն անվանումն է։ Այն  գործածվել է մինչև 17-րդ դարը: Այդ գեղեցիկ անվանումը հիշատակությունն է   Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տեսիլքում լոյսի շողի  երկնքից կաթացող պատկերի։ Շարականում ներկայացվում է, թե ինչպես Գրիգոր Լուսավորչի տեսիքլում Միածինը իջնում լույսի նշանով և Սանդարամետից ձայներ են գալիս, ապա հայրապետն այս մասին պատմում է արքային և գալիս ու կառուցում են Սուրբ Խորանը լույսի։ 

Սուրբ Էջմիածնի մայր տաճարն օծվել է  Աստվածամոր Վերափոխման տոնի օրը և  անվանվել Շողակաթ Սուրբ Աստվածածին՝ դառնալով Սուրբ Աստվածամորը նվիրված աշխարհում առաջին եկեղեցին։

Ներկայացնում ենք այս հրաշալի ու ազդեցիկ շարականը․

Art 365

02.06.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.